ԿՄԱՐԶՎԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ

12:17 - 26 Դեկ, 2025

Առաջիկա կիրակի օրը Իտալիայում կմեկնարկի << Տուր – դե – սկի >>  դահուկավազքի  միջազգային բազմօրյա մրցաշարը: Դա օլիմպիական խաղերին նախորդող ՝ հեղինակությունների մասնակցությամբ միջոցառում է: Միմյանց ձեռնոց կնետեն մարզաձևում << ոսկե երեսունյակի >>  ներկայացուցիչները, և իհարկե, նրանց շարքերը համալրել ցանկացող արժանապատիվ դահուկորդները:  Հպարտությամբ նշենք, որ << ոսկե >>  դահուկորդների թվում է նաև մեր առաջատար, աշոցքցի Միքայել Միքայելյանը:

ՀՀ դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը  զրույցում ասաց, որ իր որդին բազմօրյայից  տուն կվերադառնա հունվարի երկուսին ու հաջորդ օրն իսկ կմիանա  հավաքականի մյուս սաների մարզումներին:

Երկրի դահուկային սպորտի ութ ներկայացուցիչներ  / հինգ մարզուհի, երեք մարզիկ / նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին  ուսումնամարզական հավաք են անցկացրել Ֆինլանդիայում: Նրանք փաստորեն համատեղ մարզվել են  Ավստրիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, տանտերերի և այլ երկրների առաջատար վարպետների հետ: Ի դեպ, ինչպես նշեց Արթուր Միքայելյանը, պարապողները միմյանց լավ են ճանաչում ու գնահատում: Յուրահատուկ հարգանքով են խոսում նաև մեր  Միքայելի հետ, քանզի նա  գրանցում ունի աշխարհի լավագույնների շարքում: Մեր առաջատարը հունվարին նախատեսված երեք միջազգային մրցաշարերի մասնակցելու  նպատակ ունի: Ձգտում է լավ արդյունքներ գրանցել և ցանկալի միավորներ վաստակել: Այդ պարագայում մարզաձևի միջազգային ֆեդերացիան  Միքայել Միքայելյանից բացի, օլիմպիական ուղեգիր կշնորհի  աշոցքցի  ևս մեկ  շնորհալի  դահուկորդի ՝ Սպարտակ Ոսկանյանին:

Տեղեկացնենք, որ  ձմեռային համաշխարհային մարզահանդեսի կանանց մրցաշարում  Հայաստանը արդեն չորրորդ անգամ կներկայացնի աշոցքցի Կատյա Գալստյանը: Հատկանշական է, որ կանանց և տղամարդկանց օլիմպիական ծրագիրը նույնն է. 20 կմ / 10 կմ ՝ դասական ոճ + 10 կմ ՝ չմշկային ոճ / և 10 կմ մաքուր չմշկային ոճ:

Նախապատրաստական մարզումների վերջին փուլը մեր օլիմպիականները կանցկացնեն տանը: Ծովի մակերևույթից 2100 մետր  բարձրությամբ լեռնային գոտում  մարզվելը հեշտ չէ: Փոխարենը մերոնք Վալ – Դե – Ֆիեմի քաղաքի օլիմպիական վազքուղիներում, մեկնարկից մինչև վերջնագիծը, կկարողանան պայքարել ու դիմանալ  բարձր լարվածությանը:

 

Այլ նորություններ