ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ

10:57 - 16 Հուն, 2026

Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը Ծաղկաձորում հունվարի 10 –ից ուսումնամարզական հավաք է անցկացնում: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարած մասնագետների խումբը նպատակային աշխատանքներ է տանում հատկապես մարզիկների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականությունը բարելավելու ուղղությամբ: Պարապողները չեն տրտնջում, քանզի գիտակցում են, որ ըմբիշը մրցագորգի վրա գոտեմարտի սկզբից մինչև վերջին վայրկյանները պետք է կարողանա դրսևորել անհրաժեշտ մարտունակություն, դիմացկունություն, հաղթելու մեծ ցանկություն ու վճռականություն:

Նշած հատկանիշները յուրացնելու պարագայում յուրաքանչյուր ըմբիշ իր տեղը կամրապնդի ազգային հավաքականում: Ցանկալի որակները զարգացնելու համար մասնագետները բազմաբնույթ ու բովանդակալից առաջադրանքներ, հանձնարարականներ են տալիս: Հակառակ պարագայում միօրինակությունը կհոգնեցնի մարզվողներին ու նրանց չի  ժպտա  հաջողությունը:

Գլխավոր մարզիչը ասաց, որ թիմի հիմնական ու երիտասարդական կազմի 12 – 14 տղաներ փետրվարի հինգին կմեկնեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլին ու կմասնակցեն միջազգային մրցաշարի: Կհաջորդի  Սերբիայում մարտի առաջին տասնօրյակի ընթացքում անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, իսկ ապրիլի 20 –ին մեր երկրի գլխավոր  ընտրանին Ալբանիայում կմրցի Եվրոպայի առաջնությունում խաղարկվելիք  մեդալների համար:

Օրացուցային ծրագրով ազատոճայինները  այնուհետև կշարունակեն մարզվել տեղերում, կմասնակցեն ուսումնամարզական հավաքների և կայուն մրցափորձ ապահովելու նպատակով հանդես կգան միջազգային մրցումներում: Սա նույնպես արդարացված է, քանզի հոկտեմբերին երիտասարդները հանդես կգան  ԱՄՆ -ում, իսկ նոյեմբերին ՝  ազգայինի ըմբիշները ՝ Բահրեյնում  նախատեսված աշխարհի առաջնություններում:  

Հուսանք, որ նոր մրցաշրջանում մեր  չեմպիոն վարպետների քանակը կհարստանա նոր անուններով:

Այլ նորություններ