ՈՐՈՇԻՉ Է ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

11:17 - 21 Հուն, 2026

Գրեթե նույն սցենարով է  տարին սկսվում ու ավարտվում  մարզաշխարհի մարդկանց համար: Նոր մրցաշրջանը նույնպես հագեցած է համապետական և միջազգային միջոցառումներով:

Օրինակ բռնցքամարտում, տարեսկզբից անձնական մարզիչների ղեկավարությամբ են  տեղերում պարապում մարզիկները: Նրանց ընդհանուր մարզավիճակի մասին լիարժեք պատկերացում կտա փետրվարի ութին Երևանում սկսվելիք ՀՀ առաջնությունը: Արդյունքների հիման վրա կկազմվի երկրի գլխավոր հավաքականը, որը հանդես կգա միջազգային ասպարեզներում:

Առաջին ստուգողականը տեղի կունենա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ՝ փետրվարի 21 – 27 –ը կայանալիք Ստրանջայի միջազգայինում: Այն  ուշագրավ է նաև այնքանով, որ ռինգում աչքի ընկած  տղաներին տեղի մարզասերները կհիշեն և, ինչու չէ, կոգևորեն նաև Սոֆիայում սեպտեմբերի 19 – 26 –ը անցկացվելիք Եվրոպայի առաջնության օրերին:

Հավաքականի  գլխավոր մարզիչ, գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանը ասաց, որ  Ստրանջայի միջազգայինից վերադառնալով Հայաստան, թիմն անմիջապես կներգրավվի Ծաղկաձորում և Երևանում նախատեսված ուսումնամարզական հավաքներում: Կհաջորդի Բրազիլիայում ապրիլի 20 –ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը / երկրորդ և երրորդ փուլերը տեղի կունենան Չինաստանում ՝ հունիսին և Տաշքենդում ՝ նոյեմբերին /:

Ռուդիկ Մկրտչյանն ընդգծեց, որ ցանկացած մարզաձևում, բռնցքամարտում նույնպես, մարզիկի համար տեխնիկատակտիկական հատկանիշներից բացի,  չափազանց կարևոր է ունենալ ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության  որակներ: Ռինգում  ինը րոպե տևողությամբ մենամարտում  սկզբից մինչև վերջին վայրկյանը պիտի դրսևորել  լիակատար դիմացկունություն: Սա հեշտ լուծելի խնդիր չէ, որի համար առաջին հերթին պատասխանատու ենք մենք ՝ մարզիչներս: Իսկ մեր աշխատանքի որակի մասին ցույց կտան բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի / World Boxing / ծրագրում տեղ գտած միջազգային ստուգատեսները, որոնցում հանդես կգան նաև Հայաստանի կաշվե ձեռնոցի վարպետները:  

Այլ նորություններ