
Միլանը ձմեռային համաշխարհային մարզահանդեսի մեկնարկից առաջ տոգորված է օլիմպիական ոգով և այն ներթափանցել է Իտալիայի մարդկանց սրտերը: Այս մասին Միլանի Լա Սկալայում, ՄՕԿ –ի 145-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ, ասել է կազմակերպության նախագահ Քիրստի Քովենթրին:

«Լա Սկալան մարմնավորում է իտալական ոգին, ժողովրդի սերը արվեստի և կյանքի, ստեղծագործության և նորարարության նկատմամբ: Շնորհակալություն Իտալիայի ղեկավարությանը, երկրի ԱՕԿ –ին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել:
Շնորհակալություն մեր բարեհամբույր իտալացի հյուրընկալողներին՝ այս հիասքանչ վայրում՝ Լա Սկալայում, ջերմորեն ընդունելու համար։ Այս բեմից արվեստագետների, օպերային երգիչների և երաժիշտների սերունդները ոգեշնչել են հանդիսատեսին՝ բարձր արվեստի գերազանցության, գեղեցկության և հույզերի միջոցով»։
Քովենթրին իր ելույթն ավարտել է իտալերենով. «grazie Italia, / շնորհակալություն, Իտալիա /»:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան իր ելույթում զինադադարի կոչ է արել կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ:

Միջոցառմանը մասնակցել են ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը, ՄՕԿ -ի անդամներն ու պատվավոր անդամները, Իտալիայի ԱՕԿ –ի նախագահ Լուչիանո Բուոնֆիլիոն, Միլան Կորտինա 2026-ի կազմկոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն և հյուրընկալող տարածաշրջանների ու քաղաքների ներկայացուցիչները։

Միլանը նստաշրջանի բացման համար շքեղ ընդունելություն է կազմակերպել։ Երեկոն նվիրված է եղել երկրի մշակույթին, իսկ Լա Սկալայի հայտնի ղեկավար Ռիկարդո Շայլին ներկայացրել է երաժշտական ծրագիր՝ նվիրված իտալական օպերայի երկու հսկաներին՝ Ջոակինո Ռոսսինիին և Ջուզեպպե Վերդիին։