
Հայաստանի մենապայքարային մարզաձևերի տարիքային տարբեր խմբերի գրեթե բոլոր հավաքականները, ամանորի տոներից հետո, գտնվում են Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում:
Մարզիկ – մարզուհիները ջանադրաբար կատարում են մարզիչների հրահանգները, որոնք խթանում են ֆիզպատրաստականության որակների բարելավմանը:
Ձյուդոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների թիմերի շուրջ 30 պատվիրակներ փետրվարի 10 –ից Ծաղկաձորում են: Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարած մարզչական խումբը առանձին մոտեցումներ է դրսևորում պարապողների նկատմամբ:
Փետրվարի 22 –ին ավարտվող հավաքից հետո, պատանիները նախապատրաստությունը կշարունակեն Գյումրիում, որին կհաջորդի մարտին Անթալիայում նախատեսված Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Երիտասարդները կմիանան ազգայինին և կմասնակցեն Չեխիայի Նիմբուրգ քաղաքում Եվրոպայի ձյուդոյի միության հովանու ներքո մարտի 9 – 16 –ը կայանալիք օլիմպիական ճամբարի հավաքին:
Մեր գլխավոր թիմի անդամները այնուհետև կմեկնեն Թբիլիսի, որպեսզի մասնակցեն մարտի 19 - 21 –ը նշանակված Մեծ սաղավարտի միջազգային մրցաշարին: