
Որքան էլ բարձր գնահատենք, գովաբանենք ու մեծարենք Մալխաս Ամոյանի վարպետությունը, միևնույն է քիչ կլինի: Պարզապես ասենք՝ կեցցես Մալխաս, որ հունահռոմեկական ըմբշամարտում հինգերորդ անգամ նվաճեցիր Եվրոպայի ուժեղագույն վաևպետի կոչումը:
Տիրանայի մրցագորգի վրա, նույնիսկ հեռուստաէկրանով քո գոտեմարտերին հետևած մարզասերը նկատած կլինի, որ երեկ երեկոյան, վրացի Ռամազ Զոիձեի հետ երկրորդ տարին անըդմեջ Եվրոպայի առաջնության եզրափակիչում կրկին բացահայտվեց քո մարդկային ու մարզական հավասարակշիռ բնավորությունը:
Մրցման ընթացքին հետևողներս վեհացանք, թե որպիսի տակտիկական հմտությամբ վերջնափուլում գրոսմայստերական ոչ – ոքիով՝ 1 : 1 հաշվով հաղթեցիր մրցակցին: Ով – ինչպես, բայց մենք պատկերացրինք, որ գիտակցաբար, օլիմպիական սառնասրտությամբ հարկ չհամարեցիր բացել քո պահոցում եղած բազում խաղաքարերից որևէ մեկը:
Այդպես շարունակիր և քո հաղթանակներով երախտագիտություն հայտնիր քո անձնական մարզիչ, վաստակաշատ Համլետ Հովհաննիսյանին:
Շնորհավորում ենք: