ՉԵՄՊԻՈՆ ՝ ԽՈՍՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

11:07 - 18 Մայ, 2026

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց ազատ  ըմբշամարտի Եվրոպայի  պատանեկան առաջնությունը։

Հայաստանի հավաքականը  նվաճեց երեք մեդալ:

Ստուգատեսի մասնակիցները մարզական հարուստ կենսագրություն չունեն: Պատանի մարզիկներ են և նոր – նոր են բացահայտում իրենց ունակությունները: Այնուամենայնիվ, գոտեմարտերում որոշակիորեն  դրսևորվում  են նրանց մարզական հատկանիշները.  տեխնիկական հնարքների քանակն ու կատարման որակը, մարտունակության աստիճանը, դիմացկունությունը և այլն: Նշած որակներով մեր թիմից գոհացրեց հատկապես Սուրեն Իշխանյանը  / 55 կգ /:  

Երևանի պետական մարզական քոլեջի սանը եվրոպականի մրցագորգերի վրա  տպավորիչ  հանդիպումներ անցկացրեց: Նա հաջորդաբար հաղթեց  ֆրանսիացի   Իսա Չուրաևին՝ 10:0, հունգարացի Կիրիլ Շումեյկոյին՝ 15:4, ադրբեջանցի Աբբաս Շաֆիևին՝ 15:4, իսկ  վճռական՝ ոսկե մեդալի համար մղված գոտեմարտում ՝   ռուսաստանցի Օսման Թեմիրսուլտանովին ՝ 8:2:

Գրանցված հաշիվները վկայում են երևանցու մեծ  առավելությունը մրցակիցների նկատմամբ: Հիրավի, Սուրենը չեմպիոնին վայել հաղթանակներ գրանցեց իր օգտին և արժանիորեն կանգնեց պատվո հարթակի վերին աստիճանին:  

17 –ամյա պատանու հաջողության գործում անուրանալի է նրա անձնական մարզիչների դերը: Նկատի ունենք քոլեջում աշխատող բանիմաց մասնագետներ Արշակ Հայրապետյան – Արշակ Սանոյան – Վարուժան Կաճոյան համերաշխ եռյակին: Այս փաստը հույս է ներշնչում, որ շնորհալի ըմբիշը հաղթարշավը կշարունակի  ազգային թիմում և ցանկալի արդյունքներ կգրանցի նաև միջազգային խոշոր ստուգատեսներում:

Մեր թիմի հաշվեկշռին   երկու բրոնզե մեդալ ավելացրին   արտաշատցի Էրիկ Ղազարյանը /  45 կգ /  և երևանցի Ավետիք Թութխալյանը / 71 կգ /:

Թիմային պայքարում մերոնք  83 միավորով եզրափակեցին լավագույն վեցյակը:

Այլ նորություններ