ՀԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՆԱՑԱԾ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

10:37 - 19 Մայ, 2026

Միջազգային  մարզական օրացույցում  հարուստ՝ 63 –ամյա կենսագրություն ունի <<  Բելգրադյան հաղթող >> անվանումով բռնցքամարտի միջազգային  մրցաշարը: Կարելի է պատկերացնել, թե տասնամյակների ընթացքում կաշվե ձեռնոցի քանի – քանի նշանավոր վարպետներ են հանդես եկել սերբական ռինգում:

Ավանդույթը այս անգամ  նույնպես չխախտվեց: Հայտավորված էին 25 երկրների ավելի քան 200 պատվիրակներ, նրանց թվում ՝  խոսուն մրցաշարերի բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ:  

Հայաստանը մրցավայր էր գործուղել վեց մարզիկ: Առավել վստահ մրցելույթ ունեցավ  Անդրանիկ Մարտիրոսյանը  / 65 կգ /: Հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, շնորհալի մարզիչ Խաչիկ Խաչատրյանի սանը մտավ եզրափակիչ: Առաջին տեղի համար պայքարում Անդրանիկը մրցեց բուլղարացի Վիկտորիո Իլիևի հետ: Մենամարտը նշանակությամբ  սկզբունքային էր, քանզի երկու մրցակիցներն էլ  Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հաղթող են: Դիտարժան պայքարում ընթացավ մենամարտը, որի ընթացքում նկատելի էր էջմիածինցու առավելությունը: Հենց մեր մարզիկն էլ հաղթող ճանաչվեց:

Մեր ներկայացուցիչներից  Էրիկ Առստամյանը / 60 կգ / , Մարատ Միքայելյանը / 75 կգ /  և Ռաֆայել Հովհաննիսյանը  / 85 կգ / դարձան  երրորդ մրցանակակիր:

Այլ նորություններ