Հայաստանը` ամառային Օլիմպիական խաղերում. թվեր և փաստեր

19:00 - 26 Հուլ, 2016

Դժվար կլինի աշխարհում գտնել մեկին, ով չիմանա, թե իրենցից ինչ են ներկայացնում Օլիմիական խաղերը: Յուրաքանչյուր ոք յուրովի է պատկերացնում և մեկնաբանում դրանք: Մարզիկի համար Խաղերը կյանքի նվիրական երազանք են, երկրի համար` պատիվ, մարզասերի համար` տոն, աշխարհի համար` միասնության և խաղաղության խորհրդանիշ:

Մենք` հայերս, միշտ հպարտացել ենք ոչ միայն մեր մշակույթով և պատմությամբ, այլև` մարզական նվաճումներով: Եկել է ժամանակը` հպարտանալու նոր անուններով և նոր մեդալներով: 10 օր անց Հարավային Ամերիկան իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի ամառային Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը կներկայանա ռեկորդային` 33 մարզիկներով: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ լրատվական բաժինն առաջարկում է վերհիշել անկախ Հայաստանի օլիմպիական ուղին: 

ԽՍՀՄ փլուզումից հետո նրա կազմի մեջ մտնող երկրների մարզիկները 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ներկայացան Օլիմպիական դրոշի ներքո: Հայ մարզիկների, թերևս, լավագույն արդյունքը գրանցվեց հենց այդ խաղերում: Հայաստանի 5 մարզիկներից 3-ը դարձան օլիմպիական չեմպիոններ: Պատվոհարթակի առաջին աստիճանին կանգնեցին ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը և հրաձիգ Հրաչյա Պետիկյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը պարտվեց եզրափակչում և դարձավ Խաղերի փոխչեմպիոն, սակայն մասնագետները մինչ օրս էլ նշում են, որ Մկրտչյանի արծաթե մեդալը շատ վիճելի էր: Հայ մարզիկներից միայն Սոս Հայրապետյանն էր, ով մեդալ չնվաճեց (մականախաղ):

26-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ 1996 թվականին, ընդունել էր Ատլանտան: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը ներկայացավ եռագույնի ներքո: Հայաստանի Հանրապետության համար առաջին Օլիմպիական խաղերին մեկնեցին 32 մարզիկներ, ովքեր ներկայացան 11 մարզաձևում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, թենիս, ջրացատկ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, հեծանվասպորտ, ձյուդո): Հենց Ատլանտայում էլ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը հռչակվեց անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնը: Ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը դարձավ Խաղերի փոխչեմպիոն:

 

2000 թվականի Խաղերն անցկացվեցին հեռավոր Սիդնեյում, որտեղ Հայաստանի հավաքականը ներկայացավ 10 մարզաձևում (ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, լող, թենիս, ջրացատկ, աթլետիկա, հրաձգություն, թիավարություն, ձյուդո): Մրցահարթակ դուրս եկած 27 մասնակիցներից միայն ծանրորդ Արսեն Մելիքյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:

Անկախ Հայաստանի պատմության վատագույն Խաղերն եղան 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի 18 մարզիկներից և ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:

2004 թվականից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում եղան լուրջ կադրային փոփոխություններ: 2005 թվականին ՀԱՕԿ նախագահի պաշտոնը վստահվեց Գագիկ Ծառուկյանին:

Փոփոխության դրական արդյունքն երկար սպասել չտվեց: Պատկերը փոխվեց արդեն Պեկինում: Ամառային 29-րդ Խաղերում Հայաստանը ներկայացավ 25 մարզիկով (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, աթլետիկա, հրաձգություն,ձյուդո), որտեղ հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ: Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշներ` Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեևը, բռնցքամարտիկ` Հրաչիկ Ջավախյանը,  ծանրորդներ` Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը և Գևորգ Դավթյանը: 

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 24 մարզիկներով, ովքեր մրցեցին 9 մարզաձևում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող,  մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, թաեքվոնդո, ձյուդո): Լոնդոն-2012-ից  հայ մարզասերները, երկար դադարից հետո, ոսկե մեդալի ամենամեծ ակնկալիքներն ունեին: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հասել էր Խաղերի եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուս մրցակցին և դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: 

Ռիո-2016-ի մեկնարկին մնացել է ընդամենը 10 օր: Հայաստանը իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կներկայանա 33 մարզիկներով, ովքեր կպայքարեն 8 մարզաձևերում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո): Հայաստանի հավաքականում կան աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մեդալակիր, Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն և փոխչեմպիոն, ռեկորդակիրներ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայանա 3 մարմնամարզիկով, որտեղ կունենա նաև կին մարզիկ (խմբ. Հուրի Գեբեշյան): Հատկանշական է, որ Խաղերի մասնակիցներից գրեթե բոլորն իրենց իսկ նվաճած ուղեգրերով են մեկնում (լողորդներ` Վահան Մխիթարյանը, Մոնիկա Վասիլյանը և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Սպիտակ քարտերով): Առաջին անգամ հայ բռնցքամարտիկները Խաղերին կմասնակցեն ռեկորդային` 5, իսկ աթլետները` 6 մարզիկներով: Մի խոսքով, ռեկորդային Օլիմպիական խաղեր են: Եվ տա Աստված, որ 20 տարի հետո Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում լսվի Հայաստանի օրհներգը և պանծա եռագույնը:

Հ.Գ. Մեզ մնում է միայն հավատալ ու հետևել: Եվ, ինչպես ամառային 31-րդ Օլիմպիական Խաղերի կարգախոսն է հուշում, համախմբվենք` կրքով: 

Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

 

 

 

 

 

Այլ նորություններ