Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ այսօր ավարտում է երեւանյան ուսումնամարզական հավաքը:
Մեր ընտրանին նախապատրաստվում է մայիսի 2-ից 7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ հավաքի վերջին օրն առավոտյան ըմբիշներն աշխատել են գորգում, իսկ երեկոյան, ընդհանուր ֆիզպատրաստությունը բարձրացնելու նպատակով բասկետբոլ են խաղում, ճիշտ է, որոշակիորեն ըմբշամարտի կանոններով.
«Այս հավաքը հիմնականում նվիրված էր ըմբիշների ակտիվության բարձրացմանը, տեխնիկատակտիկական հնարքների մշակմանը, Կիեւի միջազգային մրցաշարում նկատված թերությունները, տեխնիկական խոտանները վերացնելուն:
Մարտի 26-ից ապրիլի 8-ը եւս մեկ հավաք ունենք Ծաղկաձորում, այնուհետեւ՝ Մինսկի «Ստայկի» մարզաբազայում, որից հետո կմեկնենք Եվրոպայի առաջնություն», - ասաց նա:
Հավաքականի մարզիչներն արդեն գիտեն, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու Եվրոպայի առաջնությունում, սակայն Գեւորգ Ալեքսանյանը ձեռնպահ մնաց անուններ հրապարակելուց.
«Դա գլխավոր մարզչի անելիքն է: Կարծում եմ՝ Լեւոն Ջուլֆալակյանը համապատասխան հայտարարություն կանի արդեն ծաղկաձորյան հավաքի ավարտին»,- ասաց մարզիչը: