Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան առաջին անգամ տեղ զբաղեցրեց աշխարհի առաջնության ութ ուժեղագույնների մեջ

23:05 - 05 Ապր, 2017

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն ավարտեցին խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից):

Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան նախնական փուլում տանելով հինգ հաղթանակ՝ մտավ պայքարը շարունակող 128 մարզուհիների մեջ: Այս փուլից պայքարը շարունակվում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում էր ասպարեզը:

Էմմա Պողոսովան յուրաքանչյուր փուլում մեկը մյուսի հետեւից պայքարից դուրս թողեց ավստրալացի, ամերիկացի, եգիպտացի, շվեյցարացի մրցակիցներին՝ մտավ ութ ուժեղագույնների մեջ եւ միայն այստեղ պարտվեց ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին: Էմման, ի վերջո, բաժանեց 5-8-րդ տեղերը:

Էմմա Պողոսովայի մարզիչ Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:

Այլ նորություններ