ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեց լրագրողների հետ և ամփոփեց Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը:
«Գոհ եմ մեր ցույց տված արդյունքից, ուրախ եմ, որ մասնակցեցինք: Մեզ պետք էր այս մասնակցությունը: Սա մեծ փորձ էր մեզ համար: Արդյունքներն այս պայմաններում բավական բարձր էին: Մենք հասանք մեր նպատակին: Մեր գլխավոր նպատակն անվտանգ մասնակցությունն էր, բացման արարողությանը Հայաստանի դրոշը բարձր տանելը, Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնելը, մեդալ նվաճելը եւ պատվով վերադառնալը:
Երբ որոշում էինք ընդունում Բաքվի խաղերին մասնակցելու հարցում, այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց ՀԱՕԿ-ը եւ բարձր մակարդակով մենք իրակացրեցինք մեր առջեւ դրված խնդիրը: Ոչ մեկի համար հաճելի չէր գնալ Բաքու: Այս խաղերն ապացուցեցին, որ հնարավոր է պահպանել բոլոր պայմանավորվածությունները: Եվ չխուսափեցինք մեր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունից: Մեզ այդ հարցում շատ օգնեցին Պատրիկ Հիկեն եւ Թոմաս Բախը:
Ամենամեծ հաղթողներն այս խաղերում մեր պատվիրակությունն ու մեր մարզիկներն էին: Մասնակցելով Եվրոպական խաղերին՝ հայկական մարզաշխարհն ապացուցեց, որ կարող է հայի անունը բարձր պահել ինչպես բոլոր մրցասպարեզներում, այնպես էլ՝ Բաքվում:
Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, բռնցքամարտիկներն էին: Մրցավարությունը զայրացնում էր ոչ միայն մեզ, այլեւ՝ մյուսներին: Սա նոր համակարգի արդյունքն էր, որն այդպես էլ անհասկանալի մնաց ինձ համար, թե ինչպես է համակարգիչը ընտրում:
Միտումնավոր որեւէ քայլ չենք տեսել մեր պատվիրակության հանդեպ, այդ թվում՝ բռնցքամարտի մրցաշարում: Մրցավարական կողմնապահություն չկար, չենք կարող հայտարարել, թե խայտառակ մրցավարություն ու հատուկ վերաբերմունք էր մեր հանդեպ:
Յուրաքանչյուր մրցաշարի մեկնելիս ունենում ենք կանխատեսումներ: Իրականում, մենք ակնկալում էինք երեք մեդալ, բայց ունեցանք մեկ մեդալ: Բայց, հաշվի առնելով, որ Բաքու ենք մեկնել, հոգեբանական իրավիճակն արդեն իսկ բավարար էր: Հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ուներ: Հաճելի չէր ամեն վայրկյան տարբեր կայքերում կարդալ, թե ինչպես չենք մտածում մեր ջահել տղաների մասին եւ ինչ վտանգավոր է լինելու այնտեղ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը: