Մենք հրաշալի երկիր ունենք, ցավալի է, որ չունենք մարզվելու հնարավորություն և տեղ. Արի Զաքարյան

15:00 - 20 Հոկ, 2015

Երևանում կայանալիք «Սառույցի թագավորները» շոու-ծրագրի ժամանակ Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյից բացի կսահեն նաև հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը:

«Սառույցի թագավորները» շոուն մոտ 9 տարվա պատմություն ունի: Երևանյան ծրագրում շեշտը դրված է նաև հայ գեղասահորդների մասնակցության վրա: Մենք մեր առաջ խնդիր դրեցինք հայ հադիսատեսին ներկայացնելու այն մարզիկներին, որոնց մասին շատ քիչ գիտեն այստեղ: Այսօր դա հնարավոր կլինի անել Եվգենիի և իմ ընկերների օգնությամբ:

Ես հպարտ եմ, որ հայ եմ և հնարավորություն ունեմ լավ բան անելու իմ հայրենակիցների համար: Առաջին հերթին ցանկանում եմ, որ իմանաք՝ մենք ունենք շատ շնորհալի հայ մարզիկներ, մարզիչներ, ովքեր հենց այս սպորտաձևում են: Միգուցե դուք չգիտեք, որ այս տարի ԱՄՆ-ում լավագույն մարզիչ ճանաչվեց Ռաֆայել Հարությունյանը, ով մարզել է շատ հայտնի գեղասահորդների: Նշեմ, որ Ռուսաստանի գեղասահքի երիտասարդ աստղերից մեկի՝ Եվգենիա Մեդվեդևայի իրական ազգանունը Բաբասյան է: Շատ հայեր կան, ովքեր հայկական գեղասահքի դպրոցն են անցել՝  Գուրգեն Վարդանյանը, ով Անգլիայի լավագույն մարզիչներից մեկն է, Սամվել Հայրապետյանը , ում տղան՝ Սլավիկ Հայրապետյանը, այժմ ներկայացնում է Հայաստանը Եվրոպայի և աշխարհի առաջնություններում,  Անաստասիա Գալուստյանը, ովքեր,  սակայն, ստիպված են «սառույց փնտրել», որպեսզի հնարավորություն ունենան մարզվելու: Սա մեծ խնդիր է: Մենք հրաշալի երկիր ունենք, ցավալի է, որ չունենք մարզվելու հնարավորություն և տեղ: Շնորհակալություն Իրինա Ռոդնինային, ով մարզադպրոց է կառուցում Երևանում: Այսպիսի նախաձեռնություններ պետք է շատ լինեն: Դա առաջին հերթին ազգի առողջությունն է: Պետք է այս գաղափարը հասցնել մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն նման մարզադպրոցներ կառուցելու և զարգացնելու այս մարզաձևը մեր երկրում»,-ասաց Զաքարյանը:

«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա նոյեմեբերի 20-ին մարզահամերգային համալիրում, բացի Պլյուշենկոյից ծրագրում հանդես կգան նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը,Տիգրան Պետրոսյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից:

Այլ նորություններ