Մրցել ազնիվ՝ այս նպատակի շուրջ են մեկ հարկի տակ հավաքվել հայ ըմբիշներն ու մարզիչները, Հայաստանի հակադոպինգային ծառայության ներկայացուցիչները եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում Երեւանում կայացավ հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար:
Հայաստանի հակադոպիգային ծառայության հրավերով Հայաստան ժամանած Կառլոս Ռոուն ներկայացրեց 2018 թ. UWW-ի արգելված նյութերի ցուցակն ու դրանք օգտագործելու դեպքում կիրառվելիք պատժամիջոցները.
«Դոպինգի դեմ պայքարն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ուղղություններից մեկն է: Ես եկել եմ Հայաստան, որ բացատրեմ հակադոպինգային քաղաքականության նոր հիմնական տարրերն եւ կատարված փոփոխությունները: ՄՕԿ-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում, թե որքանով են մաքուր մարզաձեւերը: Դոպինգի օգտագործումը սպառնում է ամբողջ սպորտին»,- ասաց UWW-ի հակատոպինգային հարցերի պատասխանատուն:
Կառլոս Ռոուն նշեց, որ դոպինգ օգտագործելու դեպքում ֆեդերացիան ենթարկվելու է դրամական տույժի (20 հազար շվեյցարական ֆրանկ), իսկ մարզիկի որակազրկման չափը կախված կլինի արգելված նյութի տեսակից եւ քանակից.
«Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով եւ որակազրկելով չէ: Պետք է մարզիկներին ուսուցանել դրանց վնասակար հատկությունների մասին: Հատկապես այս տարածաշրջանում, որտեղ ըմբշամարտը գլխավոր մարզաձեւերից է եւ կան օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ»,- ասաց Ռոուն:
Նախորդ տարի աշխարհում դոպինգ թեստերի դրական դեպքերով ըմբիշները գրավել են առաջին տեղը: Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի խոսքով, դա կապված է միլդրոնատի (մելդոնիում) օգտագործման հետ: Ըմբշամարտում այն շատ օգտակար դեղամիջոց է համարվել:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորեց նման սեմինարների անցկացումը՝ խստորեն դատապարտելով դոպինգի օգտագործումը.
«Մենք հետեւողական պայքար ենք մղում այդ չարիքի դեմ: Նախարարության կողմից կազմակերպվող նմանատիպ ուսուցողական միջոցառումների նպատակն է բարձրացնել ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:
Վաղը հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարը կանցկացվի Գյումրիում: