ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԹԻԱՎԱՐՆԵՐԸ

14:57 - 04 Ապր, 2025

Նոր մրցաշրջանում  Հայաստանի թիավարները  կգործուղվեն տարբեր երկրներում նախատեսված  պաշտոնական և միջազգային  մրցաշարերի: Իհարկե, առաջնայինը համապետական ստուգատեսներն են: Մեզ հետ զրույցն այսպես սկսեց  ՀՀ թիավարության ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ  Տիգրան Սարգսյանը:

Համեմատաբար լավ պայմաններում են մարզումային առօրյան անցկացրել երևանցի մարզիկները: Բարենպաստ եղանակի շնորհիվ Լիոնի այգու և Երևանյան լճերում հնարավոր է եղել նավակները ջուր իջեցնել ու թիավարել: Դա, իհարկե, շարժել է Սևանի, Հրազդանի և Էջմիածնի մարզընկերների բարի նախանձը, որովհետև առաջին երկու քաղաքներում  ջրուղիները պատված են եղել հաստ սառցաշերտով, իսկ Էջմիածնի պարագայում, թիավարելու համար, տարածքը անհամեմատ փոքր է եղել: Ի դեպ, սևանցիներին հաջողվել է մարտի սկզբներից << ջուր  մտնել >>, այն էլ ՝ Սևանա լճում, երբ արդեն հալվել են ափամերձ սառցաշերտերը:

Մի խոսքով, տարեսկզբից մարզիչները նպատակամղված  աշխատանքներ են տարել իրենց սաների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականությունը բարելավելու ուղղությամբ:

Մրցաշրջանում հանդիպումներ են նախատեսված   Վրաստանի,  Ռուսաստանի և էլի մի քանի երկրներում  նշանակված միջազգային ավանդական մրցումներում: Գլխավորը  Եվրոպայի և աշխարհի առաջնություններն են, որոնցում հանդես կգան մեր մարզիկները:

Բայդարկա և կանոէ մարզաձևերի ներկայացուցիչները հուլիս – օգոստոս ամիսներին  Երևանում և Սևանում կմասնակցեն համապատասխանաբար ՀՀ մեծահասակների և պատանիների առաջնություններին: Օգոստոսի 20 –ին Իտալիայում կմեկնարկի աշխարհի առաջնությունը, իսկ վեց օր հետո մերոնք իրենց ունակությունները Մոսկվայում  կդրսևորեն Ռուսաստանի բաց առաջնությունում:

Սպասելիքներն արդարացնելու մեծ ցանկություն ունեն նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչները: Հայաստանում կայանալիք բոլոր մրցումները տեղի կունենան Երևանյան լճում, որի ջրային մակերեսը համապատասխանում է  միջազգային չափանիշներին:  Մայիսի 3 –ին կանցկացվի Հայաստանի պատանեկան առաջնությունը, իսկ ամսի վերջին ՝ Բուղարիայում մեր երկրի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այնտեղից թիմը կուղևորվի ՌԴ ու հանդես կգա   << Մոսկովյան ռեգատա >> անվանումով միջազգային ավանդական մրցաշարում: Նշած ստուգատեսները, անշուշտ, կհարստացնեն մեր մարզիկների մրցափորձը, կբարձրանա վարպետության աստիճանը ու նրանք լավ մարզավիճակով հանդես կգան հուլիսի 19 –ին նշանակված ՀՀ առաջնությունում:

 

 

 

 

Այլ նորություններ