Դավիթ Սախվաձե. Սուսերամարտի ԵԱ-ն կօգնի մարզաձեւը զարգացնել Հայաստանում եւ տարածաշրջանում

14:02 - 15 Նոյ, 2017

Երեւանում ընթանում է սուսերամարտի Մ 23 տարեկանների Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ վրացի մարզիկները:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հրավերով այս օրերին Հայաստանում է Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Սախվաձեն: Նրա խոսքով՝  նման մրցաշարերը նպաստում են ոչ միայն մարզիկների առաջընթացին, այլեւ երկու երկրների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը:

Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի տեղակալը ներկա է եղել առաջնությանը, այցելել «Դինամո» մարզահամալիր, որտեղ 2018 թ. ապրիլի 15-20-ը կայանալու է Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը.

«Մարզահամալիրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Այնտեղ կարելի է անցկացնել տարբեր առաջնություններ: Ծանոթացել եմ նաեւ հյուրանոցային պայմաններին, շատ գոհ եմ: Աշխատանքները ճիշտ ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունը Երեւանում կանցնի բարձր մակարդակով:

Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը շատ կարեւոր է մասնակից երկրների եւ երիտասարդ սուսերամարտիկների համար, քանի որ վերջիններս ազգային հավաքականի շեմին են: Այստեղ նրանք փորձում են լավագույն կերպով հանդես գալ՝ իրենց երկրների գլխավոր թիմում ընդգրկվելու համար»,- ՀԱՕԿ-ի լրատվականին ասաց Դավիթ Սախվաձեն:

Վրացի մասնագետի կարծիքով նման մեծամասշտաբ առաջնությունները կխթանեն սուսերամարտի զարգացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

Այլ նորություններ