Ինչպես սպորտից սահուն անցում կատարել աշխատանքի. Արսեն Ջուլֆալակյանը ՄՕԿ-ի համաժողովի մասին

22:30 - 18 Նոյ, 2017

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նոյեմբերի 11-13-ը մասնակցել է ՄՕԿ-ի միջազգային մարզիկների համաժողովին: Մի քանի օր Լոզանի օլիմպիական թանգարանում աշխարհի տարբեր երկրների 80 բարձրակարգ մարզիկներ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը պատմեց համաժողովի գլխավոր թեմաների, իր նոր գաղափարների մասին.

«Համաժողովին մասնակցում էր ամբողջ աշխարհի սպորտային էլիտան: Հետաքրքիր է՝ 80 մարզիկ էինք, օլիմպիական խաղերի 95 մեդալակիր: Այսինքն, մի քանի կրկնակի կամ եռակի մեդալակիրներ կային: Օրակարգում հիմնական թեմաները մի քանիսն էին՝ հակադոպինգային պայքարը, մարզիկների իրավունքները, մարզիկների հետագա կյանքը՝ սպորտը թողնելուց հետո, եւ էլի տարբեր հարցեր: Լուրջ քննարկումներ ենք ունեցել: Առաջին օրը ներկա էր նաեւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Սպորտից սահուն անցում դեպի աշխատանք

Պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան ավարտելուց հետո ոչ բոլորն են կարողանում զբաղվել մարզչական աշխատաքով: Բացի այդ կանոն չէ, որ մարզիկն անպայման պետք է մարզիչ դառնա: Օրինակ, ես չեմ ցանկանում: Իսկ ի՞նչ պետք է անել սահուն կերպով աշխատանքային կյանքին ինտեգրվելու համար։

Ճապոնական սիստեմը շատ հետաքրքիր է: Մարզիկները ցանկացած բնագավառում կարող են աշխատել, նույնիսկ չունենալով հատուկ որակավորում: Գործատուն ժամանակ է տալիս պատրաստվելու՝ կլինի մեկ, թե երեք ամիս: Դրանից հետո մարզիկը կես դրույքով է աշխատում, սակայն վճարվում մեկ դրույքի համար: Օրվա կեսից հետո ազատ են թողնում եւ նա հանգիստ կարողանում է զբաղվել իր սպորտով: Սա իդեալական տարբերակ է, քանի որ մարզիկը սպորտը թողնելուց հետո ունենում է մասնագիտություն, հետագայում կարողանում է աշխատել լրիվ դրույքով:

Մարզիկները կարող են դիմել ADECA ծրագրին, որը պարտավորվում է քեզ աշխատանքի տեղավորել: Ծրագրին կարող են համակարգված մասնակցել միայն այն երկրները, որոնց ազգային օլիմպիական կոմիտեները համաձայնագիր ունեն:

Ես շահագրգռված եմ, որ մենք նույնպես կիրառենք այս համակարգը, սակայն համապատասխան պայմանագիր չունենք: Մեր դեպքում մեծ խնդիր է լեզուն, քանի որ շատ մարզիկներ անգլերենին չեն տիրապետում: Կարեւոր է, որ 15-17 տարեկան մարզիկները, որոնք նոր են մտնում էլիտ սպորտ՝ հասկանան օտար լեզվի անհրաժեշտությունը: Դրանով վաղն իրենց առջեւ շատ դռներ կարող են բացել ու մի քայլ առաջ լինել բոլորից:

Մարզիկը կարող է ցանկացած տարիքում սպորտի հետ անհամատեղելի վնասվածք ստանալ, արթնանալ սպորտից հիասթափված: Կամ լինել թոփ մարզիկ, բայց երբեք բարձր նվաճումների չհասնել: Ամեն ինչ կարող է պատահել: Իսկ մասնագիտությունը երաշխավորելու է մուտք` կյանք:

«Օլիմպիական համերաշխություն» ծրագրից մենք որոշ չափով ենք օգտվում՝ օլիմպիական խաղերից առաջ տրամադրվող թոշակների, լրացուցիչ ֆինանսական օգնության տեսքով։ Սակայն այդ ծրագիրն ահռելի հնարավորություններ է տալիս: Մենք ինքներս կարող ենք ներկայացնել ծրագրեր, նրանք հաստատեն, ֆինանսավորեն, եւ մեր երկրում իրականացնենք: Կարող ենք կրթաթոշակ ստանալ եւ այլն: Բյուջեով ամենահարուստն է օլիմպիական շարժման մեջ:

«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում առաջարկեցի, որ Հայաստանում մարզիկների համար սեմինար անցկացնենք, գոնե այն մարզաձեւերից, որոնցից բարձր արդյունքներ ենք ակնկալում: Լոզանում կայացած համաժողովի ամբողջ ծրագիրը պետք է մանրամասն ներկայացնել պատանի եւ երիտասարդ մարզիկներին, համոզել եւ ապացուցել հստակ կետեր՝

1. Սպորտն ու ուսումը չեն խանգարում միմյանց, հակառակ, փաստեր բերել, որ օգնում են

2. Սպորտն ու աշխատանքը չեն խանգարում միմյանց

3. Առհասարակ, որքան կարեւոր է բացի սպորտից ունենալ մեկ այլ մասնագիտություն:

Նրանք ցանկանում էին ինձ վերապատրաստել, որ ինքս դասընթացներն անցկացնեմ տարբեր հավաքականներում: Սակայն ես ասացի, որ ակտիվ սպորտում եմ, միայնակ չեմ կարողանա անել: Պետք է գտնել մարզիկների, որոնք կաջակցեն: Նաեւ, անձնական համաձայնություն եմ ձեռք բերել կապված մեկ, առավելագույնը երկու մարզիկի ուսման հետ: Պատանի կամ երիտասարդ տարիքի էլիտ մարզիկը կարողանա անվճար սովորել Եվրոպայի կամ ԱՄՆ-ի առաջատար բուհերից մեկում: Սակայն մեր պարագայում դժվարություն է առաջացնում բանակի հարցը:

WADA-ից ներկայացուցիչ կար, որը մանրամասն ներկայացրեց իրավիճակը: Ռուսաստանի հարցը լուրջ է: Չգիտեն ինչպիսի լուծում տալ այս հարցին, որ մեղավորները պատժվեն, իսկ մաքուր մարզիկները չտուժեն: Եթե պետական մակարդակով է եղել, նաեւ հավաքականին պետք է պատիժ հասնի:

Խոսել ենք նաեւ մարզիկների իրավունքների մասին, գրեթե, մարդու նույն իրավունքներն են, որոնք մեզ են հարմարեցված»,- ասաց Արսեն Ջուլֆալակյանը։

 

Լուսանկարները՝ Արսեն Ջուլֆալակյանի անձնական արխիվից

Այլ նորություններ