Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիայի անդամներին

16:50 - 16 Փետ, 2018

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է նորաստեղծ Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիա ՀԿ անդամներին:

Ֆեդերացիայի նախագահ Կարինե Խաչատրյանը Հրաչյա Ռոստոմյանին ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները.

«Սպորտային բժշկության հայկական ֆեդերացիան հիմնադրվել է 2018 թվականի փետրվարի 1-ին: Մեր հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում սպորտային բժշկության տարածմանն ու զարգացմանը, ամրապնդել կապերն արտերկրի նմանատիպ կառույցների հետ, կազմակերպել մասնագետների վերապատրաստումներ և այլն»,- տեղեկացրել է Կարինե Խաչատրյանը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը կարեւորել է նորաստեղծ ֆեդերացիայի առկայությունը Հայաստանի Հանրապետության մարզական ոլորտում.

«Մեր մարզիկների հաջողությունները մեծապես կախված են նաեւ սպորտային բժշկության բնագավառի բարձրակարգ մասնագետների հետ համագործակցությունից: Կարեւոր է, որ մեր բոլոր մարզադպրոցներում աշխատող բժիշկների համար կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, եւ դա պետք է անել նաեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից սեմինարների անցկացման միջոցով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, անհրաժեշտության դեպքում, կհոգա այդ մասնագետների հրավերների հետ կապված ֆինանսական հարցերը»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հանդիպման ավարտին ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը սպորտային բժշկության հայկական ֆեդերացիայի նախագահին խնդրել է պատրաստ լինելու դեպքում ներկայացնել ֆեդերացիայի ռազմավարական ծրագիրը եւ գործողությունների պլանը:

Այլ նորություններ