Թիավարություն մարզաձեւը կխթանի սպորտային տուրիզմի զարգացմանը

20:04 - 24 Փետ, 2018

Նոր մրցաշրջանին ընդառաջ  թիավարության մանկապատանեկան մարզադպրոցում այսօր շաբաթօրյակ էր: Մարզիչներն ու մարզիկները մաքրում ու բարեկարգում էին մարզադպրոցի տարածքը:

Այսօր մարզադպրոց էր այցելել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա ղեկավարության հետ շրջեց տարածքում, ծանոթացավ պայմաններին եւ քննարկեց թիավարության ՄՊՄԴ-ն նաեւ սպորտային զբոսաշրջության զարգացմանը ծառայեցնելու հնարավորություններն ու հեռանկարները:

Լրատվամիջոցների հետ զրույցում Հրաչյա Ռոստոմյանն ասաց.

«Ինչպես գիտեք, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանում լուրջ քայլեր են արվում զբոսաշրջությունը, այդ թվում նաեւ սպորտային զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: Այս առումով թիավարության մարզադպրոցը սպորտային տուրիզմը նաեւ Երեւանում զարգացնելու մեծ հնարավորություններ ունի: Սակայն մինչ այս պահը եղած ոչ բարվոք վիճակում, բնականաբար, որեւէ բան անել չենք կարող: Ուստի հարց է առաջացել՝ մարզադպրոցի տարածքը մաքրել, բարեկարգել: Մենք այստեղ մի քանի նկատառումներ եւ ծրագրեր ունենք՝ երեւանցիների եւ Երեւանի հյուրերի համար ստեղծել սպորտով, առողջ ապրելակերպով զբաղվելու մեծ հնարավորություններ»:

Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետությունում ընդհանրապես սպորտային տուրիզմը զարգացնելու 10-12 ծրագիր կա.

«Եթե ճյուղային տեսանկյունից նայենք, Ծաղկաձորը ձմեռային մարզաձեւերի սիրահարների տուրիստական կենտրոն է: Այս տարի բավականին մեծ ներդրումներ է արվել մեր գլխավոր լեռնադահուկային կենտրոնը վերազինելու՝ ժամանակակից հարթուղիներ, վազքուղիներ, գիշերային վազքուղի ունենալու համար, ձեռք են բերվել նոր ճոպաններ, ինչն  արագացրել է ճոպանուղու՝ առաջին կետից երկրորդ կետ մարդկանց հասցնելու արագությունը: Մինչեւ օգոստոս ամիս կվերջացնենք նոր ճուպանուղու կառուցումը, որի աշխատանքները կսկսվեն ձյունը հալվելուն պես: Ծաղկաձորում վերանորոգվում են նաեւ ժամանցի կենտրոնները:

Ջրային մարզաձեւերի համար սպորտային տուրիզմի ծրագրեր ունենք Սեւանա լճում, այլ ուղղությունների համար՝ Դիլիջանում, Իջեւանում: Շատ կարեւոր է սպորտային տուրիզմի ոլորտում արշավների ներդրումը: Այսօր զբոսաշրջիկները շատ են սիրում գնալ աշխարհի տարբեր երկրներ եւ իրենց հանգիստն անցկացնել արշավներում: Մենք պետք է դա ապահովենք: Համենայն դեպս, այս տարի երեքից չորս մարզերում կունենանք քեմփինգներ՝ բավարարելու նրանց հանգիստը», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Այլ նորություններ