Աշոտ Նադանյան. Արոնյանը սովորաբար պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ

16:36 - 13 Մար, 2018

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Աշոտ Նադանյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ  Մելքումյանը:

Հանդիպման թեման Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանի մասնակցությունն էր: Միքայել Անդրիասյանը նշեց, որ մրցաշարն, իր կարեւորությամբ, զիջում է միայն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարին:

«Մրցաշարի կազմը շատ ուժեղ է, բայց հույսեր ունենք Լեւոնի հետ կապված եւ հավատում ենք նրա հաղթանակին: Մեկնարկն անհաջող էր, բայց սա միայն սկիզբն է, առջեւում դեռ 11 տուր կա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Աշոտ Նադանյանն ասաց, որ Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ առաջին պարտիայում Լեւոնը հաղթական դիրքում էր, բայց, նրա խոսքով, ավելի լավ շարունակություն չգտավ եւ որոշեց կրկնել քայլերը:

«Կարծում եմ՝ իրավիճակն այնքան էլ բարդ չէր, եւ կարելի էր ռիսկի դիմել: Առաջին պարտիայում սխալի գինն այնքան էլ բարձր չէ, որքան եզրափակչում: Հոգեբանական խնդիր չկար, պարզապես Լեւոնը վստահ չէր, որ այդ դիրքից կարելի է պարտիան հաղթանակ ավարտի հասցնել:

Երկրորդ պարտիան նա շատ լավ անցկացրեց: Ադրբեջանցի Մամեդյարովը մեկնարկում նոր քայլ կիրառեց, բայց Լեւոնը եզակի քայլերով հավասարեցրեց դիրքը եւ ստիպեց մրցակցին համաձայնել ոչ-ոքիի:

Ինչ վերաբերում է երրորդ պարտիային, սխալ համարում եմ Լեւոնի առաջին քայլը (е4): Նա արդեն վաղուց այդպես չի սկսում: Չգիտեմ՝ ինչու այդպես որոշեց: Լեւոնը ցանկանում էր Կրամնիկի հետ խաղալ վերջինիս սիրած տարբերակով, բայց ինչպես պարզվեց, Կրամնիկն արդեն երկու տարի սպասում էր նոր տարբերակ փորձելու հնարավորությանը: Հոգեբանորեն Արոնյանի ընտրությունը ճիշտ չէր, ի սկզբանե նա ստիպված էր խաղալ մրցակցի դաշտում: Սակայն վստահ եմ, որ Լեւոնն արագ կվերականգնվի: Հանգտյան օրը նրան օգտակար կլինի, իսկ առաջիկա մրցակցի՝ Կարյակինի հետ լավ վիճակագրություն ունի: Սովորաբար Լեւոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ»:

Հրանտ Մելքումյանի խոսքով մեկնարկային պարտիայում ոչ-ոքին լավ արդյունք էր.

«Եթե վստահ չես, պետք չէ շարունակել: Գնահատականի համար դիրքը միանշանակ չէր: Մրցաշարում Արոնյանի հնարավորությունները բարձր եմ գնահատում: Լավ է պարտվել մեկնարկում, քան եզրափակչի որոշիչ պահին: Վերջին ժամանակներում Լեւոնը լավ մարզավիճակում է՝ հաղթելով մի քանի ուժեղ մրցաշարերում: Ամեն ինչ դեռ առջեւում է»:

Այլ նորություններ