ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը

15:37 - 18 Օգո, 2018

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այսօր հնչեցրած գնահատականների վերաբերյալ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է որոշ գնահատականներ՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հետ, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն և ես պարզապես չեմ կարող դրանք անարձագանք թողնել:

1. Արթուր Գևորգյանն ասում է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները ընդունում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը կապ չունի դրա ընդունման կամ ճանաչման հետ: Ի գիտություն տեղեկացնեմ, որ ՄՕԿ-ի խարտիայի համապատասխան կետերի համաձայն` յուրաքանչյուր մարզաձևի ազգային ֆեդերացիա առաջին հերթին պետք է ճանաչի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Միևնույն ժամանակ ազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի իր կողմից չճանաչված ազգային ֆեդերացիան հետ կանչելու միջազգային ֆեդերացիայի կազմից:

2. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը: Ինչպես գիտեք Բռնցքամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունից մեր մարզիկները որևէ օլիմպիական վարկանիշ չկարողացան ձեռք բերել: Մինչ օլիմպիական խաղերը մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար, որն անցկացվում էր Թուրքիայում: Դա մեր մարզիկների վարկանիշ նվաճելու վերջին շանսն էր: Սակայն ի զարմանս մեզ Արթուր Գևորգյանն արգելել էր, որ մեր թիմը մասնակցի վարկանիշային այդ մրցաշարին: Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Թուրքիայում ի վերջո ձեռքբերված 5 վարկանիշների հետ բռնցքամարտի ֆեդերացիան և Արթուր Գևորգյանը բացաձակապես որևէ առնչություն չունեն: Դա միմիայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր հավաքականի մարզիկների ու մարզիչների նվաճումն է: Ես չեմ ուզում իջնել անձնական երկխոսությունները հրապարակելու մակարդակի վրա, պարզապես Արթուր Գևորգյանին կոչ եմ անում փոքր ինչ թարմացնել սեփական հիշողությունը և վերհիշել, թե ՀԱՕԿ-ը ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրում այդ օրերին, որպեսզի բռնցքամարտը փրկվի օլիմպիական խաղերին չմասնակցելու խայտառակությունից:

3. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մասնակցության ժամանակ մեր մարզիկների մարզահագուստի վերաբերյալ հարցին: Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը մեր մարզիկներին 28-ից ավելի մարզահագուստ և համապատասխան մասնագիտական գույք էր տրամադրել: Այս ամենն ընտրել էին հենց մարզիկները, իսկ ՀԱՕԿ-ը հոգացել էր դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ինձ խնդրել էր, որպեսզի իր անձնական պայմանավորվածության համաձայն մեր մարզիկները իր նախատեսած մարզական մասնագիտական գույքով մասնակցեն խաղերին, քանի որ դա բխում է հավաքականի ու ֆեդերացիայի կոմերցիոն շահերից: Ես ընդառաջել եմ, հաշվի առնելով նրա անձնական խնդրանքը և այսօր առնվազն անպարկեշտություն է ասել, թե ՀԱՕԿ-ը մարզագույք չի տրամադրել մեր բռնցքամարտիկներին:

4. Ինչ վերաբերում է այսօր նշված այն հանգամանքին, թե բռնցքամարտի ֆեդերացիան չունի ֆինանսական խնդիրներ և ՀԱՕԿ-ն էլ չի օգնում իրենց, ապա եթե ընդամենը բազմաթիվ փաստերից մեկը հիշեցնեմ, պետք է ասեմ, որ միայն նախաօլիմպիական տարում 2 անգամ 6-ական միլիոն դրամ եմ անձամբ փոխանցել Արթուր Գևորգյանի օգնականին՝ ֆեդերացիայի մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը վճարելու նպատակով: Շարքն իհարկե խարող եմ շարունակել, բայց ինձ թույլ չեմ տա:

5. Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր Արթուր Գևորգյանն է նախաձեռնել ֆեդերացիայի նախագահի ընտրությունը 1 ամսով հետաձգելու գործընթացը և դա իր ցանկությամբ է տեղի ունեցել: Տեղեկացնեմ, որ դա եղել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-յի որոշումը, որը հավաստող պաշտոնական նամակը կից հրապարակում եմ / 1, 2 photo /: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի երկրորդ ընտրությանը, որի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին աղաղակում են բռնցքամարտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ապա միայն կասեմ որ այդ ընտրության իրավական գնահատականը ընդամենը օրեր անց կտա ԱԻԲԱ-յի պաշտոնական ներկայացուցիչը, որը ժամանում է Հայաստան: Այսօր միայն հրապարակում եմ ԱԻԲԱ-յի ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որում նրանք նշում են, որ ընտրության խախտումները ուսումնասիրելու նպատակով հետաքննություն է իրականացվում: / 3 photo/ Այս դեպքում առնվազն տարօրիանակ է, թե ինյչպես կարող էր ԱԻԲԱ-ն շնորհավորել Արթուր Գևորգյանին՝ ինչպես ինքն է իհարկե պնդում:

Եվ վերջում, անկախ ստեղծված իրավիճակից, բռնցքամարտի աշխարհում ի հայտ եկած տարաձայնություններից ու խժդժություններից ՀԱՕԿ-ը մշտապես եղել և մնում է մարզաշխարհի կողքին, քանի որ սա մի մեծ ընտանիք է, որտեղ տեղ չունեն սուտն ու սեփական ամբիցիաները առաջ տանելու գործելաոճը: Մենք հուսով ենք, որ կարճ ժամանակում առկա խնդիրները կհարթվեն և բռնցքամարտի ֆեդերացիայում կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ի նպաստ հայրենի սպորտի զարգացման և առաջխաղացման:

Այլ նորություններ