Հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսում կմեկնարկի պատանեկան օլիմպիական ամառային երրորդ խաղերը: Ինչպես տեղեկացրել ենք, մեր երկիրը կներկայացնեն 7 մարզաձևերի պատվիրակներ: Նրանք լիովին պատրաստ են և մարտական տրամադրությամբ հոկտեմբերի 3-ի լուսադեմին Երևան-Դոհա-Սան Պաուլո-Բունես Այրես չվերթով կմեկնեն մրցավայր:
Հոկտեմբերի 1-ին օլիմպիական պատվիրակությունը հյուրընկալվեց ՀԱՕԿ-ի աշխատակազմին: Աշխատանքային այցով արտերկրում գտնվող ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մարզիկներին և մարզիչներին ողջունեց և խաղերում հաջողություններ մաղթեց նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը : Նա հետաքրքրվեց մրցուղերթի մեկնողների ընդհանուր պատրաստականության մասին: Մարզիչներն ու մարզիկներն ասացին, որ նախապատրաստական փուլերի ծրագրերը կատարվել են, ՀԱՕԿ-ը լուծում է տվել բոլոր հարցերին: Նրանք ապահովված են անհրաժեշտ մարզահագուստով, մասնագիտական որակյալ հանդերձանքով և որ շատ կարևոր է, մրցավայր են մեկնում մարտական տրամադրությամբ ու վարձահատույց կլինեն արժանապատիվ մրցելույթներով: Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն ծանրորդներ Կարեն Մարգարյանը /77կգ / և Լիանա Գյուրջյանը /+63կգ /, հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60 կգ /, հրաձիգ Հայկ Բաբայանը /10մ օդամղիչ ատրճանակ /, թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը /73կգ /, լողորդ Արթուր Բարսեղյանը /ազատ ոճ 50մ, 100մ և բատերֆլայ ` 50մ/, գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը /55կգ /: Նրանց հետ են մարզիչներ Լիլիթ Հարությունյանը /գեղ. մամարմնամարզություն/, Հովհաննես Դավթյանը /ձյուդո/, Զորայր Մեքինյանը /թաեքվոնդո/, Արմինե Ավետիսյանը /լող /, Անդրանիկ Այվազյանը / հրաձգություն /, Գագիկ Խաչատրյանը, Մարտին Ալիխանյանը/ երկուսն էլ` հ/հ ըմբշամարտ/, Գևորգ Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը /երկուսն էլ` ծանրամարտ/: Պատվիրակության գլխավոր հանձնակատարն է Դերենիկ Գաբրիելյանը :
ՀԱՕԿ լրատվական բաժին