2019թ. փետրվարի 9 -16-ը Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կանցկացվի Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային հերթական փառատոնը: Իրենց ունակությունները կդրսևորեն 50 երկրների 14 – 18 տարեկան 1500 մարզիկ- մարզուհիներ: Նրանց թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները:
Նախապատրաստական աշխատանքներին օգնելու, ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու, մարզագույքին, հանդերձանքին վերաբերող հարցերը քննարկելու և դրանց ճիշտ ու արագ լուծում տալու համար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվել է հատուկ շտաբ: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 20 –ին: Նիստը վարում էր ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզիչները: Նախապատրաստության ընթացքը լիովին համապատասխանում է նախապես կազմված ժամանակացույցին և ծրագրին: Անհանգստացնող հարցեր չկան, քանզի առկա են նպատակային մարզումներ անցկացնելու պայմանները:
Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն գեղասահորդուհի Մարինա Ասոյանը / մարզիչ` Արմեն Ասոյան / , լեռնադահուկորդներ Մայիս Եղիազարյանը, Ժիրայր Առաքելյանը / մարզիչ` Էդգար Սողոմոնյան /, դահուկավազորդներ Աղասի Սաքանյանը և Աննա Ռաշոյանը /մարզիչ ` Հովհաննես Սարգսյան /: Պատվիրակության գլխավոր հանձնակատարն է դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Փառատոնի բացումը տեղի կունենա Սարաևոյի << Կոշևո >> ստադիոնում ` փետրվարի 10 –ին ,իսկ փակումը ` փետրվարի 15 –ին` << Սլավիա >> ստադիոնում:
ՀԱՕԿ լրատվական բաժին