Ամռանը Բելառուսի մայրաքաղաքում անցկացվելիք եվրոպական մարզական երկրորդ խաղերի կազմկոմիտեում ենթադրում են, որ Մինսկ կայցելի 70 հազար զբոսաշրջիկ: Մրցումների ընթացքին կհետևի 50 հազար արտասահմանցի, 18 հազար պաշտոնական անձ: Եթե կանխատատեսումներն արդարանան, ապա մրցավայրերի տրբունաներում ազատ նստելատեղ չի լինի:
Օլիմպիական ավանում ապրողները անվճար կստանան անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները, իսկ մարզակառույցներում և մարզավանում առանձին կգործեն համաբուժարաններ:
Խաղերի ընթացքին կհետևեն նաև համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ դիտորդները: Դոպինգ սպաները յուրաքանչյուր չորրորդ մասնակցից կվերցնեն համապատասխան նմուշ:
Եվրոպական 50 երկրի 4 հազար մարզիկ – մարզուհի կպայքարի մեդալների 199 հավաքածուի համար, իսկ խաղերի ծրագրում ընդգրկված 15 մարզաձևից իննում կվիճարկվի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հայաստանից Մինսկի խաղերին մասնակցելու իրավունքը առաջինը ստացել է կանոէ մրցաձևի երկու ներկայացուցիչ: Մարզիկների անունները ավելի ուշ կորոշի թիավարության հանրապետական ֆեդերացիայի կանոէ մրցաձևի մարզչական խորհուրդը: Բելառուսական ստուգատեսի վարկանիշային մրցաշարերը կշարունակվեն մինչև 2019թ. ապրիլի 14-ը:
Խաղերը տեղի կունենան 2019թ. հունիսի 21 – 30 –ը:
ՀԱՕԿ լրատվական բաժին