Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թեւանյան․ Վստահ էի, որ կհաղթեմ եզրափակիչում

18:43 - 12 Մար, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած Վազգեն Թեւանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը եւ խոսել առաջիկա ծրագրերի մասին:

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի Մ-23 առաջնությունում  19-ամյա ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում նա 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին` 2:1: Եզրափակիչում Թեւանյանը գոտեմարտել էր վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ եւ հաղթել 2:1 հաշվով:

Վազգեն Թեւանյանը Եվրոպայի երիտասարդական ու պատանեկան չեմպիոն է, նախորդ տարի դարձել է նաեւ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Վազգեն, ի՞նչ նախապատրաստական փուլ էիր անցել Եվրոպայի Մ-23 առաջնությունից առաջ:

Ունեցել ենք 3 հավաք, մեկը՝ Ծաղկաձորում, իսկ մյուս երկուսը՝ Օլիմպավանում: Մարզիչների օգնությամբ հասա լավ մարզավիճակի:

Եվրոպայի առաջնությունում անցկացրիր 4 գոտեմարտ: Ո՞րն էր ամենաբարդը:

Ամենաբարդն առաջին գոտեմարտն էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովի հետ: Մի քիչ ավելի դժվար էր եւ ծանրաբեռնված, քանի որ առաջինն էր։ Դրանից հետո, կարելի է ասել, «բացվեցի»:

Եզրափակիչում նույնպես լարված պայքար էր։ Վրացի ըմբիշի հետ գոտեմարտն ավարտվեց 2:1 հաշվով, ինչը մի քիչ վտանգավոր է, քանի որ կարող ես մեկ հնարքից հետո տանուլ տալ գոտեմարտը, բայց վստահ էի, որ կհաղթեմ:

2015 թվականին Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն էր դարձել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը: Այս պահին երկուսդ էլ հանդես եք գալիս նույն քաշային կարգում: Բարդ մրցակցություն է սպասվում:

Քանի որ օլիմպիական քաշային կարգ է, եւ մարզիկները շատ են, դժվարությունն ավելի մեծ է: Կա մեծ մրցակցություն ու պետք է փորձեմ լավագույն կերպով հանդես գալ:

Մասնակցելո՞ւ ես մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Առաջիկայում Օլիմպավանում ունենք հավաք, որից հետո կմասնակցեմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Այլ նորություններ