Հայաստանի հավաքականի մարզիչը խոսել է Հայաստանում հրաձգության խնդիրների մասին

14:30 - 28 Մար, 2019

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որում հայ մարզիկները նվաճել էին 2 մեդալ:

«Եվրոպայի առաջնությունից առաջ հավաքի մասնակցեցինք Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: Մարզումներն անցել են կազմակերպված ու բարձր մակարդակով: Մարզումների արդյունքներից գոհ եմ, բայց դժգոհ եմ մասնակցությունից, քանի որ մեր մարզիկները պատրաստ էին ավելիին: Իմ հաշվարկներով, կարող էր լինել 4 մեդալ, նույնիսկ՝ ոսկե, սակայն ունենցանք այն, ինչ ունեցանք: Զգալ տվեց մրցումների մասնակցության փորձի պակասը: Չունենք միջոցներ, որպեսզի կարողանանք ավելի հաճախ մասնակցել միջազգային մրցաշարերի: Ընդհանուր առմամբ, շատերն են գոհ, սակայն ես մի քիչ դժգոհ եմ:

Զավեն Իգիթյանը մոտ էր լավ արդյունքի, սակայն գրավեց չորրորդ տեղը՝ արդեն 6-րդ անգամ: Հուսով եմ՝ հաջորդ տարիներին ավելի կամրապնդի իր արդյունքները: Մեր բոլոր մարզիկներն էլ տաղանդավոր են: Լավ է լինելու: Պետք է գտնենք հովանավորներ, որպեսզի հնարավորություն ունենանք մեր մարզիկներին ուղարկել միջազգային մրցաշարերի: Արտասահմանյան հավաքներին մարզիկները ծանոթանում են նոր զենքերի հետ եւ աշխատում որակյալ փամփուշտներով, իսկ Հայաստանի որոշ մարզադպրոցներում նույնիսկ փամփուշտ չկա: Ֆեդերացիան ապահովում է միայն հավաքականի անդամներին, իսկ դպրոցներին հովանավորել չի կարող: Դա է ամենամեծ խնդիրը:

Շնորհակալ եմ լրագրողներին, որ սկսել են ավելի հաճախ անդրադառնալ հրաձգությանը եւ օգնել մարզաձեւի տարածմանը Հայաստանում: Երեխաների շրջանում կա մեծ հետաքրքրություն, սակայն զենքերի պակասը շատ է խանգարում մեզ: Հուսով եմ, որ այս ասուլիսից հետո գոնե կլսեն մեզ եւ գումար կհատկացնեն՝ հանդերձանք, փամփուշտ ու զենք ձեռք բերելու համար»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում վազող թիրախ մրցաձեւի նորմալ վազք վարժության մեծահասակների կանանց թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Արուսյակ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր, իսկ Հովհաննես Մարգարյանը մինչեւ 21 տարեկանների պայքարում արծաթե մեդալի էր արժանացել վազող թիրախ մրցաձեւի խառը վազք վարժությունում:

Այլ նորություններ