Առաջին Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում միակ մեդալը նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ): Պատվո հարթակից ընդամենը 1 քայլ հեռու մնացին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, սամբիստներ Սոսե Բալասանյանը, Տիգրան Կիրակոսյանն ու Աշոտ Դանիելյանը: Նրանք գրավեցին 5-րդ տեղը: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանի սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, հաղթեց որակավորման փուլում, առաջին տեղով մտավ եզրափակիչ ու միայն 14-րդ կրակոցի ժամանակ վրիպելով` ամենաուժեղների պայքարում գրավեց 5-րդ տեղը: Լավ ելույթ ունեցան մեր բռնցքամարտիկներն ու թեքվանդիստը: Մեդալին հատկապես մոտ էր Նարեկ Աբգարյանը: Նա նույնպես գրավեց 5-րդ տեղ:
Եվրոպական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճեց Ռուսաստանի հավաքականը` 164 մեդալ, որոնցից 79-ը՝ ոսկե, 40-ը՝ արծաթե և 45-ը՝ բրոնզե: Երկրորդ տեղում 56 մեդալով Ադրբեջանն է, իսկ երրորդ տեղում Մեծ Բրիտանիայի թիմն է, որն ունի 47 մեդալ: