Միջազգային օլիմպիական կոմիտեն առցանց խորհրդակցություն է անցկացրել Տոկիոյի օլիմպիական խաղերի ԱՕԿ - ների գլխավոր հանձնակատարների հետ։
Գլխավոր թեման նախապատրաստական աշխատանքներն է եղել։ Նշվել է, որ ՄՕԿ-ը մշտական երկխոսության մեջ է կազմկոմիտեի և Ճապոնիայի կառավարության հետ: Հիմնական խնդիրը մասնակիցների անվտանգությունն է և նրանց համար հավասար պայմանների ապահովումը։
ՄՕԿ-ի աշխատանքային խումբը պատրաստել է գործողությունների ծրագիր, որը պետք է իրականացնել COVID-19- ի իրավիճակին համապատասխան: Նախատեսվում է վերանայել ծախսերը չորս ոլորտներում. պաշտոնյաների ընդունելություն, ենթակառուցվածքներ, տրանսպորտ և խնդիրներ, որոնք առաջնային լուծում չեն պահանջում:
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը միջոցառումներ է առաջարկում համավարկի տարածումը կանխելու համար: Մշակվել է գործիքակազմ ՝ շարժման սահմանափակում, սոցիալական հեռավորության պահպանում, պաշտպանիչ միջոցների օգտագործում, վերահսկողություն պարենի նկատմամբ, վարակի դեպքերի բացահայտում, նոր դեպքերի ծանուցում և պատվաստում:
Անդրադաձ է եղել նաև վարկանիշային մրցումների անցկացմանը։ Ասվել է, որ այդ հարցերը քննարկվում են միջազգային ֆեդերացիաների հետ։
ՀԱՕԿ –ի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանն ասաց, որ կազմակերպիչները նպատակ ունեն խմբավորել որոշ մարզաձևերի ներկայացուցիչներին և նրանց հատկացնել առանձին բնակավայրեր։