Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 10-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի եւս 2 ներկայացուցիչներ՝ Անդրանիկ Կարապետյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը, որոնք հանդես կգան 81 կգ քաշային կարգում:
Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը գլխավոր ֆավորիտներից է: Աշխարհի ու Եվրոպայի առաջնության մեդալները 23-ամյա ծանրորդը նվաճել է 77 կգ քաշային կարգում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքից հետո Կարապետյանը բարձրացրեց քաշային կարգը, իսկ այժմ հանդես է գալիս իր համար ամենաօպտիմալ քաշային կարգում:
18-ամյա Ռաֆիկ Հարությունյանը նորամուտը կնշի մեծահասակների պայքարում: Նա Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիր է պատանիների եւ երիտասարդների տարիքային խմբերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (73 կգ):
Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):