Արսեն Ջուլֆալակյան․ UWW-ի ղեկավար կազմի հետ խոսել եմ տարբեր խնդիրների մասին

17:26 - 03 Մայ, 2019

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մայիսի 1-4-ը Շվեյցարիայում մասնակցում է  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից կազմակերպած միջոցառումներին:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշեց, որ Շվեյցարիայում է գտնվում UWW-ի հրավերով:

«UWW-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են այն խնդիրները, որոնք այս ընթացքում անհանգստացրել են բազմաթիվ ըմբիշների: Խոսել եմ մրցավարության հետ կապված որոշ խնդիրների մասին, առաջ եմ քաշել փոքր երկրների ֆեդերացիաների հարցը, որոնք դժվարանում են մասնակցել ranking serias-ի բոլոր մրցաշարերին, քանի որ դրանք անցկացվում են տարբեր աշխարհամասերում, եւ ֆեդերացիանները ֆինանսական միջոցների սղության պատճառով կարող է բաց թողնել դրանք:

Խոսել եմ նաեւ ըմբիշների մարմիններին յուղ քսելու խնդրի մասին, որը ոչ մի կերպ դեռ լուծում չի ստացել: Մյուս հարցս աշխարհի եւ մայրցամաքային առաջնությունների ընթացքում UWW-ի կողմից մրցանակակիր ըմբիշներին պարգեւատրելու մասին էր:

Դրան զուգահեռ ես եւ աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշը նկարահանվեցինք տարբեր հնարքների կատարման հոլովակում, որը կծառայի ուսուցողական նպատակով, հատկապես՝ այն երկրների համար, որոնք չունեն համապատասխան մասնագետներ (նմանատիպ հոլովակներում նկարահանվելու են նաեւ ազատ ոճայինները եւ կին ըմբիշները):

Այսօր ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովում քննարկելու ենք մարզիկների ակտիվ ներգրավվումը սպորտային գործընթացներում, նրանց սահուն անցումը պրոֆեսիոնալ մարզական կարիերայից դեպի այլ ոլորտ եւ կրթության հարցը՝ ինչպես անել, որ մարզիկները ավելի շատ ուշադրություն դարձնեն կրթությանը»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

 

Այլ նորություններ