Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։
Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։
Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։
Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր մարզիկը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը լինելու է Տիմաֆեյ Եմելյանաու (Բելառուս)-Անդրեյ Պերեպելյուկ (Ռուսաստան) զույգի հաղթողը։
57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ևս պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ վստահ՝ 10-1 հաշվով հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։
Կիսաեզրափակիչ փուլում Մաքսիմի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Խերտեկ Սայանն էր, որին մեր մարզիկը պարտվեց 0-4 հաշվով, ինչից հետո միայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։
Մեդալի համար Մանուկյանը պայքարելու է ադրբեջանցի Մեհման Խալիլովի հետ։
Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև Ասյա Լալազարյանը (48 կգ), որը կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային։