Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի վերջին օրը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսելով հայկական ծանրամարտի ֆինանսական վիճակի եւ մրցաշրջան 2018-ում ֆեդերացիայի անելիքների մասին, ասաց.
«Օլիմպիական խաղերում վարկանիշ նվաճելու կարգը փոխվել է: Տոկիոյում յուրաքանչյուր երկրից հանդես գալու իրավունք տրվելու է առավելագույնը 4-ական տղամարդու եւ կնոջ, նախկին՝ տղամարդկանց 6 եւ կանանց 4 ուղեգրերի փոխարեն: Դրա համար անհրաժեշտ է այս եւ հաջորդ տարվա աշխարհի առաջնություններում գրավել թիմային 1-ից 6-րդ տեղերը: Դա շատ դժվար ու պատասխանատու առաջադրանք է մեզ համար, բայց պայքարելու ենք: Եվ պայքարելու ենք նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեծ աջակցության շնորհիվ:
Բացի պետական ֆինանսավորումից, որը մեզ բավարարում է, պարոն Ծառուկյանի ֆինանսավորումով վերականգնիչներ եւ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք ենք բերում, մարզիկներն ստանում են իրենց թոշակները եւ այլն: Ոչ մի խնդիր չունենք, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ նախագահին: Եթե ամեն մի մարզիկի ծնող իր երեխային օգներ որքան Գագիկ Ծառուկյանը, ոչ մի խնդիր չէր լինի մեզ համար», - ասաց Փաշիկ Ալավերդյանը: