Պատանեկան ԵԱ. Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ

22:25 - 22 Հուն, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (48 կգ) դարձել է Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:

Ռուս (10:0), բելառուս (10:0) եւ ադրբեջանցի (3:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո Հովհաննիսյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6:7 հաշվով պարտվել է մակեդոնացի Բեսիր Ալիլիին:

Հայկ Աբրահամյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:8 հաշվով պարտվել է ադրբեջանցի մրցակցի:

Հունիսի 22-ին պայքարի մեջ մտած Գենիկ Ասատրյանը (60 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (92 կգ) նվաճել են եզրափակիչի ուղեգիր:

Հունիսի 23-ին Գենիկ Ասատրյանը ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի հետ, իսկ Լյովա Գեւորգյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Իսլամ Կարտոեւը:

Մենուա Յարիբեկյանը (71 կգ) հունիսի 23-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ եւ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 10 ըմբիշով:

Այլ նորություններ