Երիտասարդական ԱԱ. Տիգրան Մինասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

20:43 - 16 Օգո, 2019

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունավում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ըմբիշները՝ 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում:

55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով առավելության հասավ հնդիկ Վիջայ Վիջայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Տիգրան Մինասյանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անվար Ալախիարովի հետ և լարված պայքարում զիջեց 7:8 հաշվով: Վաղը նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթեց կորեացի Կյոտարո Սոգաբեին: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը Իրանը ներկայացնող Շահին Մոֆրադն էր, ում Հրաչյան պարտվեց 1:3 հաշվով:

Հետագայում իրանցի ըմբիշը նույնպես պարտվեց և Պողոսյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

77 կգ քաշային Վահե Պողոսյանը պայքարը սկսեց որակավորման փուլից 8:6 հաշվով հաղթելով Ղրղզստանը ներկայացնող Ազամատ Ուլուին, 1/8 եզրափակչում նա 6:12 հաշվով պարտություն կրեց հնդիկ Սաջան Սաչանից:

Հնդիկ ըմբիշը պարտվեց քառորդ եզրափակչում և Վահեն չի պայքարի բրոնզե մեդալի համար:

87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչիչ, որտեղ 4:3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Վալենտին Շկլիարենկոյին: 1/4 եզրափակչում Բաղդասարյանը 1:3 հաշվով պարտվեց բելառուս Իգոր Յարաշևիչին:

Բելառուս ըմբիշը նույնպես պարտվեց կիսաեզրափակչում, իսկ Հակոբը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ վաղը պայքարի մեջ կմտնեն 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները:

Այլ նորություններ