ՏՈԿԻՈ ՄԵԿՆԵԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

10:35 - 07 Փետ, 2020

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը իր երկու գործընկերների և 12 նշանառուների հետ փետրվարի 9 –ի լուսադեմին կմեկնի Լեհաստանի Վրոցլավ քաղաք: Լատվիայի , Ուկրաինայի և տեղի հավաքականների հետ  մերոնք ուսումնամարզական համատեղ մարզումներ կանցկացնեն: Դրանից հետո նրանք հրաժեշտ չեն տա այդ մարզավայրին,որովհետև փետրվարի 23 –ից ` մարտի 2 –ը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Չեմպիոններն ու փոխչեմպիոնները միանգամից կարժանանան Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի: Աչքի ընկած մյուս մարզիկները  և  նախորդ մրցաշրջանում, աշխարհի առաջնությունում և գավաթի խաղարկության փուլերում գոհացնող արդյունքների հասած նշանառուները ձեռնունայն չեն մնա: Նրանց ուղեգրերի հարցը կորոշի միավորների հաշվարկը:

Օլիմպիական ուղեգրեր և վարկանիշային միավորներ կխաղարկվեն նաև մայիսին Չեխիայի Պլզեն քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարում: Տոկիո մեկնելու  հարցը  կվճռվի Եվրոպայի առաջնության սկզբունքով:

Ս. Նիկողոսյանը զրույցում ասաց, որ սպասելիքներ կան ատրճանակավարներից  և հրացանակիրներից: Մարզիչը ծրագրել է  օրեկան  հինգ ժամ տևողության երկանգամյա պարապմունքներ:

Վրոցլավի ընտրությունը պատահական չէ: Այնտեղ կան մարզումային և մրցումային հիանալի պայմաններ:

Տոկիոյի խաղերին մասնակցելու  հույսեր են ներշնչում նաև Հայաստանի ստենդային հրաձգության  / թռչող ափսե / ներկայացուցիչները: Նրանք ուղեգրերի համար կպայքարեն Ֆրանսիայում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Այլ նորություններ