ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՄՂՈՒՄՆԵՐՈՎ

15:05 - 02 Մայ, 2020

Հրազդանի կիրճում պարապող առողջ ապրելակերպի սիրահարներից բացի , կան նաև մարզիկներ։ Չզարմացա, քանզի մեծ սպորտը չի սիրում ընդհատումներ։ Ահա թե ինչու համաճարակի պատճառով նրանք ստիպված օգտվում են այլընտրանքային միջոցներից։ Նպատակը ընդհանուր մարզավիճակը և հոգեբանական կայունությունը պահպանելն է ։ Փաստերն ինքնին հաճելի են։ Բացօթյա մարզումները  կարևոր են։

Գնահատելով մարզաձևերի առանձնահատկությունները, պիտի առավել ուշադիր լինել  հնարքների նմանակումներին՝ կիրառելով տվյալ մարզաձևին բնորոշ հատուկ վարժություններ։

Այսօրվա վիճակը կարծես իմ ժամանակների նույնացումն է։  Ճիշտ է, համավարակ  չկար, բայց չկային նաև մարզումային լավ պայմաններր։ Մենք՝ ըմբիշներս,  հավաքականի ավագ մարզիչ Ստեփան Ղազարյանի  հրահանգով վազում էինք մայրաքաղաքի սարալանջի անտառուտում։ Բարձացնում ,նետում էինք տարբեր չափերի քարեր, ծառակոճղեր, քոթուկներ և այլ առարկաներ։ Կախվում էինք ծառերի ճյուղերից, կատարում ձգումներ, գոտեմարտում երևակայական մրցակիցների հետ  և այլն։ Այս ամենն անում էինք մեծ ոգևորությամբ։

1950 – 1960 – ականներին հայ մարզիկների խոսուն հաջողությունները համամիութենական ու միջազգային պաշտոնական մրցումներում պատահական չէին։ Հիշենք մեծանուն վարպետներ, մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանին, Ալբերտ Ազարյանին,ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկովին, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանին ,ծանրորդներ Իվան Ազդարովին ,  Ռուբեն Մանուկյանին, ըմբիշներ Նորայր Մուշեղյանին, Ռուբեն Վարդանյանին ,շատերին։ Նրանք պարապում էին մարզադահլիճ կոչվող  պարզատիպ սրահներում և ՀՀ  սպորտի պետական կոմիտեի բակում։  

Հիմա վիճակն անհամեմատ լավ է։  Նույնիսկ համաճարակի այս օրերին  հնարավոր է պարապմունքներ անցկացնել շենքերի բակերում ստեղծված մարզահարապարկներոմ ,  որոնք    կահավորված  են բազմապրոֆիլ  վարժասարքերով ու խաղադաշտերով ։ Վարակը չտարածելու համար պիտի դրանցից օգտվել վաղ առավոտյան ,կամ՝  ուշ  երեկոյան ժամերին ,  երբ սակավամարդ են դառնում բակերն ու փողոցները։

Վերջին շրջանում աչքի եմ անցկացրել տարբեր մարզաձևերի մեր հավաքականների  առաջատար մարզիկների ելույթները ԶԼՄ -ներում։ Դրանցում արտացոլվում է մարտական ոգի, նպատակամղված աշխատանք , միջազգային մրցաշարերում , մասնավորապես ՝ օլիմպիական խաղերում արժանպատիվ մրցելույթներ ունենալու ցանկություն։ Նշանակում է նրանք մեր  չեմպիոին նախորդների արժանի հետնորդներ են, կարող են հաղթել, մանավանդ որ աշխարհի բոլոր մարզիկների նման համաճարակի հետևանքով   գտնվում են նույն հարթության վրա։

Որպես ՀԱՕԿ ի  արդարացի խաղի հանձնաժողովի նախագահ,  ուզում եմ նշել ,որ  օլիմպիական խաղերը հետաձգելու ճիշտ որոշում է կայացրել ՄՕԿ –ը, որի ղեկավարն է օլիմպիական չեմպիոն Թոմաս  Բախը։ Որպես նախկին մարզիկ նա ճիշտ է գնահատել իրավիճակը և արդարացի որոշում կայացրել։

Սպորտը սիրում է  ուժեղներին։ Սա կարծես ասված է ներկայիս  իրավիճակի համար ,որում հայտնվել են երկիր մոլորակի մարզիկները։  Իսկ հաջողության կհասնեն նրանք, ովքեր ունեն ամուր նյարդեր, անկոտրում կամք և աննահանջ ոգի,   իհարկե ընդհանուր և հատուկ ֆիզիկական բարձր պատրաստականություն։

ԼՅՈՎԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ

ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ, կրթության, գիտության և սպորտի նախարարությունների  ոսկե մեդալակիր, պրոֆեսոր

 

 

Այլ նորություններ