Օրացույցով սեպտեմբերի 7-ը արդարացի խաղի միջազգային օրն է: Դա նշանակալի է այն մարզիկների համար, ովքեր սպորտում առաջնորդվում են արդար խաղի սկզբունքով։
Համաճարակի պատճառով արդարացի խաղի միջազգային կոմիտեի / Fair Play /բազմաթիվ ծրագրեր հետաձգվել են, գործկոմի նիստերն անցկացվել են առցանց և կազմակերպությունում հույս ունեն, որ չեղարկված միջոցառումները կկայանան հաջորդ մրցաշրջանում։
Անգամ հիմա, երբ համաճարակի պատճառով շատ մրցումներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել, սպորտում գրանցվել են ազնվության ու արդարության բազում օրինակներ:
Մի շարք առցանց մրցաշարերի մրցանակային հիմնադրամների գումարներ փոխանցվել են կորոնավիրուսի բուժում կատարող հիվանդանոցներին, որոշ մարզիկներ բարեգործական ակցիաներ են իրականացրել և այլն։
Արդարացի խաղի միջազգային կոմիտեի նախագահը 82 -ամյա Իենո Կամուտին է, ով մարզական աշխարհում հայտնի է որպես սուսերամարտից օլիմպիական խաղերի մեդալակիր։ Նա նաև սրտի վիրաբույժ է և ստեղծել է Հունգարիայի ամենամեծ հիվանդանոցը, կատարել է սրտի հարյուրավոր վիրահատություններ: Մեծանուն բժիշկը հայտնել է, որ մրցանակների հանձնման հերթական հանդիսավոր արարողությունը և ընտրական համագումարը տեղի կունենա Բուդապեշտում՝ առաջիկա դեկտեմբերին։
Ամեն դեպքում բացառված չէ, որ այդ միջոցառումն էլ կարող է հետաձգվել։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը միջազգային մարզական կառույցներին պարզաբանել է, որ կարող են չեղյալ հայտարարել ցանկացած առկա հանդիպումներ, նիստեր, համագումարներ ՝ մինչ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ավարտը։
Ջանադիր աշխատանք է կատարում նաև ՀԱՕԿ –ի արդարացի խաղի հանձնաժողովի նախագահ, մարզաշխարհի մեծ երախտավոր Լյովա Սամվելյանը։ Նա ըմբիշ է , ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ և գործիչ, գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր։ Տասնամյակներ շարունակ եղել է տնտեսագիտության համալսարանի ֆիզդաստիրակության ամբիոնի վարիչը։
Լ․ Սամվելյանը արադարացի խաղին վերաբերող չափածո և արձակ բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է։ Նրա ղեկավարած հանձնաժողովի միջնորդությամբ ՄՕԿ –ի արդարացի խաղի մրցանակին են արժանացել հայրենական սպորտի երևելիներ, մեծն Հրանտ Շահինյանը, Շավարշ Կարապետյանը, << Արաքս >> ֆուտբոլային թիմը, մյուսները։