ՀՆՉԵՂ ՀԱՂԹԱՆԱԿ

10:00 - 01 Ապր, 2021

Հարգանքի է արժանի Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը: Աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում  մեր թիմը կրկին հաղթանակ տոնեց: Մրցակիցը հարուստ ավանդույթներ ունեցող Ռումինիայի ընտրանին էր, որը պարտություն էր կրել նախորդ տուրում: Կորցրած միավորներից  սթափվելով, նրանք Երևան էին ժամանել կաշվե գնդակի հայ վարպետներին ծնկի բերելու նպատակով: Բայց  . . .

Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց: Ընդմիջումից հետո, 56 –րդ րոպեին, դիպուկությամբ աչքի ընկավ մեր  թիմի նորեկ, 19-ամյա Էդվարդ Սպերցյանը:Կարճ ժամանակ անց,  Հանրապետական մարզադաշտի տրիբունաներում ոգևորությունը մարեց, որովհետև 62 –րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը: Ավելին, ռումինացիները հաշվի մեջ առաջ անցան ՝ 2 : 1:

Թվաց, թե հյուրերը կհասնեն իրենց նպատակին: Բայց շարունակությունն այլ բնույթ կրեց: Նախ՝ հայ մարզասերը ոգևորության բուռն ալիք բարձրացրեց: Ֆուտբոլասերը նման վերաբերմունք գրեթե միշտ է դրսևորել: Այս անգամ կամային բարձր հատկանիշներով ու խաղային կարգապահությամբ աչքի ընկան մերոնք: Համարձակ, տղամարդավարի գործելով, հայ ֆուտբոլիստները այնուհետև ևս  երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը և պատվաբեր հաղթանակ տոնեցին 3 : 2 հաշվով: Գոլերի հեղինակներն են հավաքականի ավագ Վարազադատ Հարոյանը և Տիգրան Բարսեղյանը ՝ 11 մետրանոցով:

Հետխաղյա մամուլի ասուլիսում ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երրորդ անընդմեջ հաղթանակի գործում գովաբանեց իր խաղացողներին: Իսկապես, կեցցեն մեր տղաները: Արժանին պետք է մատուցել նաև իսպանացի մասնագետին: Ըստ էության նա գնահատել էր այն հանգամանքը, որ նախորդ խաղում կրած անհաջողությունից հետո ռումինացիները յոթ խաղացողով թարմացրել էին հավաքականի կազմը: Կապառոսը երևի թե  ճիշտ մարտավարություն ընտրեց և գրեթե << հին >>  կազմով սկսեց մրցամարտը / որքան էլ ծանր էր իսլանդացիների հետ մերոնց նախորդ հանդիպումը, այնուամենայնիվ եռօրյա դադարից հետո հայ ֆուտբոլիստները կդիմանային առաջին խաղակեսի ծանրաբեռնվածությանը /: Իսկ երկրորդ կեսում մեր մասնագետը երեք ֆուտբոլիստով  թարմացրեց թիմը և անխափան սկսեց գործել  հավաքականի << շարժիչը >>  :

Երեք խաղ, նույնքան հաղթանակ և ինը միավոր: Հրաշալի է, մանավանդ , որ խմբային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա առաջատարն է:

Որակավորման փուլի հերթական հանդիպումները նշանակված են  սեպտեմբերի 2 –ին, 5 –ին և 8 -ին:  Արտագնա խաղերում մերոնք կմրցեն հաջորդաբար  Մակեդոնիայի, Գերմանիայի, այնուհետև,  սեփական հարկի տակ՝  Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Այլ նորություններ