Երևանի հրաձգության մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց աշխարհահռչակ նշանառու, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի ոսկե մեդալակիր և ռեկորդակիր Զինաիդա Սիմոնյանի հիշատակը հավերժացնող ավանդական մրցաշարը:
Կրակագծում իրենց հարաբերությունները որոշեցին մեզանում գործող առաջատար բոլոր մարզիկ – մարզուհիները:
Օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից դիպուկությամբ առանձնացան և հաղթող ճանաչվեցին Վրեժ Թորոսյանը և Ալլա Պողոսյանը:
Օդամղիչ ատրճանակ մրցաձևում է հանդես եկել և Հայաստանին փառք ու պատիվ բերել Զինաիդա Սիմոնյանը: Այդ կարգում առաջինը ճանաչվեցին Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը:
Վազող թիրախ մրցաձևում լավագույն էին Հովհաննես Մարգարյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասաց , որ մեր թիմը մայիսի 7 – 20 –ը ուսումնամարզական հավաքի կմեկնի Խորվաթիայի Օսիեկ քաղաք: Կհաջորդի նույն քաղաքում նախատեսված Եվրոպայի վարկանիշային առաջնությունը,որին կմասնակցեն Հայաստանի յոթ ներկայացուցիչներ:
Հուշամրցաշարի եզրափակիչին ներկա էր և հրացանակիրների ելույթներին հետևեց ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրան մրցաշարը գոհացրեց մարզական և կազմակերպական առումներով:
Գ. Ծառուկյանը հիշեցրեց նաև Զինաիդա Սիմոնյանի նվաճումները և ծառայությունները հրաձգության հայկական դպրոցի առաջընթացի գործում: Հաճելի է և այն , որ ֆեդերացիան արժանին է մատուցում մեծագույն հրաձգուհուն ՝ նրա հիշատակը հավերժացնելով համապետական մրցաշարով:
ՀԱՕԿ –ի ղեկավարը մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին շնորհեց ՀԱՕԿ – ի բարձրագույն պարգև՝ ոսկե շքանշան: