Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15 –ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները:
Ասպարեզում մնացած մեր երկու տղաները ցանկանում են հարստացնել մեր թիմի հաշվին գրանցված մեդալների քանակը: Ասենք, որ այդ գործն արդեն արել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /: Նա արդեն կիսաեզրափակիչում է և իր համար ապահովել է բրոնզե մեդալ:
Վաղը՝ օգոստոսի վեցին, ժամը 9. 30 –ին, գյումրեցի մարզիկը եզրափակիչ մտնելու համար կմրցի ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ: Նախորդ բոլոր երեք մրցակիցների նման, ամերիկացին նույնպես << ամուր ընկույզ >> է: Փույթ չէ, քանզի անվեհեր գյումրեցին բազում հաղթանակներ է տոնել << անպարտելիների >> նկատմամբ:
Չկասկածենք մեր վարպետի հաջողությանը:
Դարձյալ վաղը, օլիմպիական մրցագորգի վրա, իր նորամուտը կանի մեր վերջին ՝ 17 –րդ մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, շնորհաշատ Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նրա մրցակիցը հեղինակավոր Հաջիմուրադ Ռաշիդովն է: Նա ներկայացնում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, բազում տիտղոսներ ունի և աշխարհի գործող չեմպիոնն է :
Ճանաչելով փոքրվեդեցի ըմբիշին, ասենք , որ նրան հաճույք է պատճառում անվանի մրցակիցներ ունենալը: Նման պարագայում բազմապատկվում է հայորդու հաղթանակի տենչը, մարտունակությունը, դիմացկունությունը և գոտեմարտի առաջինից մինչև վերջին վայրկյանը մարտնչող մարզիկն իրենը կանի և կուրախացնի հայ մարզասերներին:
Զինվենք համբերությամբ և հետևենք օգոստոսի վեցին , առավոտյան 6. 30 –ին նշանակված ազատ ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի ընթացքին: