Հույն լեռնադահուկորդ Յոաննիս Անտոնիուն 2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցավազքի առաջին ջահակիրը կլինի: Կրակը կվառվի Հին Օլիմպիայում՝ հոկտեմբերի 18 –ին:
Անտոնիոն, ով մասնագիտացել է հսկա ոլորավայրէջքում, նաև արժանացել է 2014թ. Սոչիում կայացած օլիմպիական խաղերի փոխանցավազքի ժամանակ գլխավոր խորհրդանիշը կրելու պատվին: Նա Հունաստանի հավաքականի դրոշակակիրն է եղել << Փհենչհան – 2018 >> -ում:
Սպասվում է, որ այս տարի օլիմպիական ջահը վառելու արարողությանը ներկա կլինեն Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն և ՄՕԿ -ի ղեկավար Թոմաս Բախը: Համավարակի պատճառով միջոցառմանը կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ, ովքեր անմիջականորեն առնչվում են առաջիկա ստուգատեսին:
Կազմակերպիչները հրաժարվել են Էլլադայում անցկացվելիք ավանդական փոխանցավազքից: Կրակն անմիջապես կհասցվի Աթենք, որտեղ հոկտեմբերի 19 -ին Հունաստանի ԱՕԿ -ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը այն կհանձնի ՄՕԿ -ի փոխնախագահ Յու Ցզայցինին: Վերջինը ներկայացնում է << Պեկին - 2022 >> կազմկոմիտեն:
Չինական կողմին ջահի հանձնումը կեզրափակի օլիմպիական միջոցառումների լայնածավալ ծրագիրը: Հոկտեմբերի 16 –ին նախատեսվում է անցկացնել ՄՕԿ –ի գործկոմի նիստ և վերանորոգումից հետո կվերաբացվի միջազգային օլիմպիական ակադեմիան: