Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր ՝ դեկտեմբերի 7 –ին մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունոը:
Հայտավորված են 65 երկրի մարզիկ –մարզուհիներ: Հայաստանը ներկայացնում է տասը ծանրորդ: Կանանց և տղամարդկանց տասական քաշային կարգերում խաղարկվում է մեդալների 20 հավաքածու: ՀՀ պատվիրակներից առաջինը, դեկտեմբերի 12 –ին, ծանրահարթակ կելնի Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ / :
Վերջին տարիներին մեր հերկուլեսները խոսուն հաղթանակներ են տոնում միջազգային պաշտոնական մրցաշարերում: Աշխարհի նախորդ ստուգատեսը կայացել է Թաիլանդի Պատտայա քաղաքում՝ 2019թ. սեպտեմբերին: Մասնակից 84 երկրների 734 մարզիկ – մարզուհիները այն ժամանակ սահմանել են համաշխարհային 23 ռեկորդ: Դրանցից անմասն չի մնացել մեր երկրի հավաքականը: 109 կգ քաշային կարգում, երկամարտի 429կգ արդյունքով, աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց բացի, Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում << սանձեց >> ռեկորդային ՝ 199կգ ծանրաձողը: Նրանից բացի չեմպիոն դարձավ և Հայաստանի օրհներգը հնչեցրեց նաև Հակոբ Մկրտչյանը / 89 կգ /: Նա երկամարտում լավագույնն էր 375 կգ –ով:
Աշխարհի փոխչեմպիոն օծվեց գերծանրքաշային Գոռ Մինասյանը / 460 կգ /: Նույն քաշային կարգում երկամարտի 437 կգ արդյունքով պատվանդանի բրոնզե աստիճանին կանգնեց մեր մյուս հսկան ՝ Ռուբեն Ալեքսանյանը:
Սա լուրջ նվաճում էր, որի արդյունքում մեր թիմը գրավեց պատվավոր երրորդ տեղը:
Հուսանք, որ Տաշքենդյան ստուգատեսում հայ ծանրորդները չեն խախտի ավանդույթը, կհաստատեն իրենց բարձր կարգը և մեդալներով կվերադառնան հայրենիք: