ՄՕԿ – Ի ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

11:07 - 30 Դեկ, 2021

Տոկիոյի   խաղերի մասնակիցները ավելի քան 100  անձնական իրեր են նվիրաբերել ՄՕԿ-ին։ Դրանք  կցուցադրվեն Լոզանի օլիմպիական թանգարանում ՝ 2022թ. մարտին։ Հավաքածուն  ներառում է ամառային մարզահանդեսի ծրագրում ընդգրկված 33 մարզաձևերից 28-ը: Հատուկ ուշադրության են  արժանացել իրենց նորամուտը նշած  սերֆինգին, սքեյթբորդինգին և ժայռամագլցմանը նվիրված նմուշները:

Ցուցանմուշների հավաքագրման գործընթացը կայացել է մարզիկների, միջազգային մարզական  ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեների հետ փոխգործակցության շնորհիվ: Հավաքածուի 104  նմուշներից  48-ը նվիրաբերել են օլիմպիական չեմպիոնները:

Լոզանում կցուցադրվեն նաև «Տոկիո 2020» կազմկոմիտեի  նվիրաբերած ջահերը, մեդալները և արտոնագրված այլ իրեր:

«Օլիմպիականների  ելույթները» նախագծում կներկայացվի  73 հարցազրույցների շարք:

Կարևոր տեղ կզբաղեցնի լուսանկարների, տեսանյութերի պահոցը:

Ստեղծվել է   «Տոկիո 2020»  ֆիլմը  որի հեղինակն է  աշխարհահռչակ ռեժիսոր Նաոմի Կավասեն։ Պրեմիերան նախատեսված է 2022թ. գարնանը։ 

Թանգարանի աշխատակազմն այժմ կենտրոնանալու է Պեկինի օլիմպիական խաղերի համար  նմանատիպ հավաքածուի ստեղծման վրա: Այն արժեքավոր է այնքանով,  որ Պեկինը աշխարհում  կլինի առաջին քաղաքը, որը կհյուրընկալի և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերը։ 

 

Այլ նորություններ