Հայ մարզասերը վաղուց ի վեր սիրել ու գնահատել է բասկետբոլ մարզաձևը: Մեր առաջատար մարզիկ – մարզուհիները համալրել են նաև համամիութենական թիմերի և հավաքականների կազմերը:
ԽՍՀՄ փլուզումից հետո, հասկանալի պատճառներով, երկրում բասկետբոլը տեղատվություն ապրեց: Վիճակը փոխվեց երբ ձևավորվեց ներկայի գործող ֆեդերացիան / նախագահ ՝ Հրաչյա Ռոստոմյան /: Նոր ղեկավարությունը անընդհատ պրպտումների, որոնումների մեջ էր: Մեզանում կազմակերպվեցին փոխայցելությունների մրցակարգով համապետական առաջնություններ, կազմավորվեցին թիմեր, որոնք ներքին մրցումներից բացի, մասնակցեցին Եվրասիական, եվրոպական և միջազգային մրցաշարերի:
Առաջընթացին մեծապես նպաստել է այն , որ մեզանում գործող տղամարդկանց և կանանց թիմերում ընդգրկված են մերձարևելյան, Իրանի, Ռուսաստանի, անդրօվկիանոսյան և նույնիսկ՝ եվրոպական երկրների բասկետբոլի դպրոցների խաղացողները: Նրանց հետ մարզվելը, մրցելը նպաստում է տեղացիների ընդհանուր պատրաստականության առաջընթացին: Հրավիրվածների հետ շփման շնորհիվ հայաստանցիները հարստացնում են նաև անգլերենի իրենց իմացությունը: Ի դեպ, օտարազգիները հիացած են մեր երկրով, նրա մայրաքաղաքով, հայկական հյուրասիրությամբ, հարուստ խոհանոցով, մեր բնակավայրերի, ճարտարապետական կոթողների գեղեցկությամբ և այլն: Շատերը, և ոչ միայն հայերը, Հայաստանը համարում են իսկական դրախտավայր և մշտական կեցության, բնակության ցանկություն ու նպատակ ունեն:
Մեր ֆեդերացիան 2017 թվականին համաձայնագիր է ստորագրել Ա – Լիգայի հետ: Վերելքը բացահայտ է: Տարիքային տարբեր խմբերում / 12տ. , 14տ., 16տ./ ընդգրկված աղջիկների և տղաների թիվը շատ է ավելացել: Մասնագետները զրույցներում ասում են, որ գործող մարզադահլիճների քանակը եթե միանգամից ավելանա նույնիսկ տասով ՝ դարձյալ չի բավականացնի մարզվողների քանակին: Իհարկե նաև այդ հարցն է առաջնային համարվում:
Հայաստանի առաջնությունում ավելացել են թիմերը և խաղացողների քանակը: Ասածն է հաստատում այն, որ օրավուր ավելանում է մրցումների ընթացքին հետևող մարզասերների քանակը:
ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան համապատասխան որոշումով սկզբում թույլ էր տվել առաջնության մասնակից յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկել մեկ հայ բասկետբոլիստի: Հաջորդ որոշումով այդ թիվը կրկնապատկվեց և այժմ երկու հայ է մտնում ասպարեզ: Նպատակ կա առաջիկայում լավագույն հնգյակի գերակշիռ տոկոսը համալրել արդեն երեք հայ մարզիկներով: Եվ այդպես շարունակ:
Գնահատենք ընդհանուր վիճակը: Այն դրական է: Այդ մասին են վկայում մասսայականությունը, մարզիկների վարպետության առաջընթացը, մրցումներում առկա դիտարժան, սուր, լարված պայքարը, առաջնության մասնակից թիմերի և Եվրասիական լիգայի ակումբների աճող թվաքանակը, կազմակերպական արդյունավետ ու հետևողական աշխատանքը և այլն: