ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ

16:37 - 25 Մայ, 2022

Շնորհալի  մարզիկ է Վախթանգ Հարությունյանը / 75 կգ /: Նա ասածը հաստատեց  Գերմանիայի ներկայացուցիչ Քեվին Շումանի հետ  այսօր  ունեցած մենամարտում: Դա  Վախթանգի  թվով երկրորդ հանդիպումն  էր Եվրոպայի  երևանյան  առաջնությունում:

Առաջին ռաունդը,  ճիշտ է,  ավարտվեց Շումանի առավելությամբ / 3 :  2 / , բայց հույս կար, որ հաջորդ մրցակեսերում Վախթանգը  կսթափվի,  կհրաժարվի  հախուռն գրոհներից  ու  կձեռնարկի միավորներ բերող  գործողություններ: Անկասկած,  ընդմիջման րոպեին, նրան օգտակար ցուցումներ տվել են մարտավկաները: Եվ մեր բռնցքամարտիկը փորձում էր կատարել առաջադրանքը,  բայց  . . . բազմափորձ Շումանը կարողանում էր քողարկված միջոցներով  ապակողմնորշել  մեր ներկայացուցչին, որոշ դեպքերում  ժեստերով   <<  դուր գալ >>  նույնիսկ մրցավարներին ու  անհրաժեշտ պահին հստակ հարվածներ կատարելով հաջողության նժարը թեքել  իր կողմը: 

Սցենարը կրկնվեց նաև վերջին մրցափուլում, որի արդյունքում տանտերը պարտվեց:

Հախուռն, փոխնիփոխ  գրոհներով ընթացավ Ռաֆայել Հովհաննիսյան  -   Քրիստիան  Ստեֆանով / Բուլղարիա, 86 կգ / մենամարտը:  Ընդհանուր համապատկերում ավելի վստահ էին  մեր  մարզիկի գործողությունները:  Ավելին, նրա հարվածները  առավել հստակ էին ու նպատակային: Դա երևանցու առաջին մենամարտն էր, որը պսակվեց հաջողությամբ:

Խոստովանենք, որ  մեր  բոլոր տղաները  առայժմ  ռինգում պայքարում են  մինչև վերջին վայրկյանները:

Այլ նորություններ