Երեք պատանի հեծանվորդ կմասնակցի օլիմպիական փառատոնին

09:43 - 20 Մայ, 2017

Հայաստանի խճուղային հեծանվավազի առաջնության արդյունքներով որոշվեցին այն երեք պատանի հեծանվորդների անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը եւ Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային:

Մեր մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո:

«Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը եւ օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք:  Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչեւ աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասաց մարզիչը:

Արմեն Գյոզալյանը նշեց, որ այսօր մեր առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում:

Մարզիչը նշեց նաեւ, որ այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը:

Այլ նորություններ