ԱՅՍՕՐՎԱ ՔԱՌՅԱԿԸ

16:37 - 26 Մայ, 2022

Հայաստանի բռնցքամարտիկներից այսօր առաջինը ռինգ ելավ գյումրեցի անվանի Հովհաննես Բաչկովը / 63,5 կգ /: Նա մենամարտեց իրեն բնորոշ ոճով. փակ  կեցվածք, հարձակողական ոճ, փոքր անցումներ,սուզումներ . . .  Այսքանը նա ցուցադրեց անգլիացի  Ջոզեֆ Թայերսի  հետ մենամարտում:

Թող չստեղծվի այն կարծիքը, թե բրիտանացին ուժեղ մրցակից չէ: Ասենք, որ նա բարձրահասակ է, լավ գիտե մրցակցին տարածության վրա պահելու արվեստը, բազմաթիվ հաղթանակներ է տարել միջազգային մրցաշարերում, մի խոսքով , ինչպես ասում են , նա ամուր ընկույզ է: Եվ եթե Հովհաննեսին շնորհած հաղթանակը տարակուսանք չհարուցեց, ապա դա վկայում է հայ մարզիկի կատարյալ վարպետության փաստը: Իսկ այն, որ գյումրեցին ուժեղ հարվածներ կատարելու ցանկություն չդրսևորեց, կարելի է մտածել, որ նա քաշը տեղը պահելու նպատակով ցանկանում էր քրտնել, մրցությունը ձգել մինչև ժամանակի ավարտը, կամ էլ ՝  դեռ լիովին չվերականգնած վնասվածք  ունի ու կամենում էր  <<  շարունակել բուժումը  >>:

Հովհաննեսն արդեն  քառորդ եզրափակիչում է: Եթե նա այդ փուլում հաղթանակ տանի, ապա իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Անվանի թիմակցին հակառակ, ֆինն Կարլ Բենջամին Էրիկսոնի նկատմամբ << անխիղճ >>  վերաբերվեց  մեր Գուրգեն Մադոյանը / 67 կգ /: Մարզասերը չէր հասցրել մի կարգին ծանրութեթև անել մրցակիցների հնարավորությունները, երբ երկրորդ ռաունդի սկզբում, երևանցին  իրար ետևից հզոր հարվածներով երկու անգամ  նոկդաունի ենթարկեց մրցակցին, բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ ու անցավ հաջորդ փուլ: Դա ժամանակից շուտ տոնած առաջին հաջողությունն էր, որը Հայաստանի բռնցքամարտիկի հաշվին գրանցվեց Եվրոպայի երևանյան առաջնությունում: Դժվար է ասել՝ Գուրգենի  համար ավելի շատ ուրախացավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզօջախի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, թե՝  հայ մարզասերը:

Ցերեկային մրցահերթում մեր հավաքականի հաշվին երրորդ անընդմեջ հաղթանակը գրանցվեց: Այս անգամ ուրախություն պատճառեց բռնցքամարտում հեղինակավոր՝ գերծանրքաշային կարգը ներկայացնող աշխարհի գործող փոխչեմպիոն, գյումրեցի Դավիթ Չալոյանը: Նրա մրցակիցն էր  Բոսնիա Հերցեգովինայի պատվիրակ Ժուրաժ Սոլդոնը: Հայ վարպետը նույնպես մենամարտը սկսեց իրեն բնորոշ ՝ հարձակողական ոճով, որին առավել հմայք  հաղորդեցին Դավթի քաշային կարգին համապատասխան ծանր հարվածները:

Մեր մարզիկը խփում էր մրցակցի գոտկատեղից վերև՝ բոլոր ուղղություններով: Սա կատարեց իր սև գործը, որովհետև երրորդ ռաունդում բոսնիացին ուժասպառվեց, թուլացավ: Նա կարծես շնչահեղձ էր լինում և ստիպված երկու անգամ ատամնակալը բերանից դուրս գցեց: Իհարկե, ռինգի մրցավարի կողմից դա  աննկատ չմնաց, չներվեց և Սոլդոնին նկատողություն տրվեց:

Առաջնության չորրորդ օրը մեր հավաքականի համար լիարժեք, հաճելի վերջաբան կունենա, եթե երեկոյան մրցահերթում  ՀՀ թիմին չորրորդ հաղթանակը պարգևի  աբովյանցի  Նարեկ Մանասյանը / 92 կգ /: Նրա մրցակիցն է սլովակ Դավիդ Միքալեկը:

 

 

Այլ նորություններ