Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ ցավագին ոչինչ չեմ տեսնում. Լևոն Ջուլֆալակյան

15:50 - 14 Մար, 2016

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը և մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները:

 

-Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ մեկնաբանել  Արթուր Ալեքսանյանի պարտությունը: Մարզասերները տհաճ անակնկալի եկան:

-Բացարձակ ոչ մի ցավագին բան չեմ տեսնում Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ: Նորմալ երևույթ է: Պրոֆեսիոնալ սպորտում կա և հաղթանակ, և պարտություն: Արթուրը Եվոպայի առաջնությանը եկել էր իր միջին մարզավիճակով: Մենք ինքներս չցանկացանք, որ նա գերազանց մարզավիճակով գար: Կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատենք: Բացի այդ մարզասերներն էլ արդեն հասկանում են, որ երբ մենք մրցում ենք ռուսների հետ, պետք է մեկ գլուխ բարձր լինենք նրանցից: Հավասարի դեպքում մեր հնարավորությունները քչանում են: Մենք մինչև Օլիմպիական խաղերն այն աստիճանի կմարզվենք, որ ոչ թե մեկ այլ երկու գլուխ բարձր լինենք մեր մրցակիցներից և ոչ մի հնարավորություն չտանք մրցավարներին: Այս պարտությունը պետք է նոր լիցքեր տա Արթուրին, որպեսզի նա ավելի շատ ձգտի հաղթանակի: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի:

-Կարծես թե Մելիկով-Ալեքսանյան հակամարտությունը նմանվում է Վլասով-Ջուլֆալակյան հակամարտությա՞նը:

-Դուք շատ ճիշտ նկատեցիք: Մարդիկ, ովքեր հետևողական են մեր ըմբիշների գոտեմարտերին, նկատում են, որ անընդհատ նույն պատմությունն է կրկնվում՝ մեր մարզիկները ակտիվ են, նրանք հարձակվում են, բայց միևնույնն է մեր տղաներին են դնում չորեքթաթ դրություն: Պարզ է, որ հակառակորդը թարմ ուժերով կատարում է հնարքը պարտեր դրությունից, իսկ մեր տղաներին այլևս հնարավորություն չեն տալիս: Սա ռուս մրցավարների և ղեկավարների մշակված տակտիկան է: Ցավոք, դա փաստ է: Այդ պատճառով մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ հնարավորություն չտանք ոչ մրցակիցներին, ոչ մրցավարներին:

-Նույնը կրկնվեց նաև Մաքսիմ Մանուկյանի դեպքում:

-Ցավոք: Եթե նրանք ճիշտ դատեին գոտեմարտը, ապա այն կավարտվեր 8:0 մեր օգտին, արդյունքում 6:11 մենք պարտվեցինք: Մաքսիմը երկու անգամ 4 միավորանոց գցում կատարեց: Իսկ դրանից հետո գոտեմարտն ավարտվում է: Չհաշվեցին և 2 միավոր նվիրեցին ռուս մարզիկին: Սրանք ցավագին փաստեր են: Բայց մեր տղաները չեն հանձնվում, շարունակում են հավատալ իրենց ուժերին: Մի տեղում մեզ խանգարում են, մյուսում՝ հաղթում ենք:

-Պարոն Ջուլֆալակյան, վերջապես Վարշամ Բորանյանին հաջողությունը ժպտաց և նա նվաճեց բաղձալի ոսկին: Նրա ելույթները կմեկնաբանե՞ք:

-Դեռ երիտասարդ տարիքից Վարշամը շատ մոտ էր կանգնած մեդալին, բայց ամեն անգամ նրա մոտ մի բան չէր ստացվում: Անընդհատ մի բան խանգարում էր նրան: Նա դեռ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ պետք է առնվազն եզրափակչում լիներ: Ես միշտ հավատացել և սպասել եմ նրա հաղթանակին: Փառք Աստծո, աշխատանքը զուր չանցավ: Շատ լուրջ և գրագետ գոտեմարտեր անցկացրեց և կարողացավ ապացուցել, որ ինքն այդ քաշային կարգի լավագույններից է: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մենք կարողանում ենք ուրախացնել մարզասերներին, մեր ժողովրդին, մեր ազգին:

-Կարապետ Չալյանի՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե նորամուտի մասին ի՞նչ կասեք:

-Ես ուրախ եմ, որ Արսեն Ջուլֆալակյանին երիտասարդ և խոստումնալից փոխարինող կա: Ճիշտ է, կան բացեր, որոնց վրա պետք է աշխատել: Ամեն դեպքում ամենակարևորն այն է, որ Չալյանը շատ նպատակասլաց, աշխատասեր, պայքարող, չզիջող և կռիվ տվող ըմբիշ է: Նա մեծ հեռանկարներ ունի, ես հավատում եմ Չալյանին:

-Պարոն Ջուլֆալակյան, Ռոման Ամոյանին շատերն ուղարկել էին  թոշակի: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա արծաթե «վերադարձը»:

- Բոլորս Ռոմանին ճանաչում ենք (ծիծաղում է), որպես աշխարհով մեկ հայտնի հզոր ըմբիշներից մեկը: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սպորտը տարիքի հետ չի կարող համակերպվել: Չէի ասի վերադարձ: Նրա մոտ մարզական խորամանկություն կա՝ բոլորին հանգստացնում է, որ ինքը չկա, բայց ինքը միշտ կա: Պետք է նրա մարզումներին ճիշտ մոտեցում ցուցաբերել: Սա այդ մոտեցման արդյունքն էր: Տա Աստված, որ կարողանա օլիմպիական տարին լավ եզրափակել:

-Ի՞նչ կասեք, Միհրան Հարությունյանի մասին: Նրանից երկրպագուները ոսկե մդալ էին ակնկալում:

-Միհրան Հարությունյանը պետք է մի քիչ աշխատի իր վրա՝ խնայում է իրեն: Նա շատ տաղանդավոր ըմբիշ է: Նրա նման տաղանդավոր մարզիկներ գրեթե չկան, իր տեսակի մեջ եզակի է: Ցավոք, տաղանդը միայն բավական չէ: Պետք է աշխատասիրություն, ճիշտ աշխատանք: Ես նրա հետ շատ եմ զրուցել այս թեմայով: Ցանկացած մարզիկի համար ես ունեմ հատուկ մոտեցում, յուրաքանչյուրի հաղթանակը՝ իմ հաղթանակն է: Հուսանք, որ այս պարտությունը նրա համար մեծ դաս կլինի:

-Պարոն Ջոլֆալակյան, թիմային հաշվարկով Հայաստանը երկրորդ տեղում է: Դա Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 8 մարզիկով և վերադառնում ենք 4 մեդալով: Դա լուրջ արդյունք է: Բոլոր հարկի մեդալներից ունենք: Հուսանք, որ վարկանիշներ ձեռք կբերենք և կմեկնենք Օլիմպիական խաղերին ոչ թե մասնակցելու այլ լավ արդյունքներ ցույց տալու համար:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ