Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում շարունակվում է Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը: Մեդալակիր դարձած ձյուդոիստների շարքում են Հայաստանի առայժմ երկու պատվիրակներ: Նրանք են` հրազդանցի Վահե Աղասյանը / 55 կգ / և երևանցի Արտակ Թորոսյանը / 73 կգ /:
Մեր երկու մարզիկներն էլ արդարացրին սպասելիքները: Տղաներից յուրաքանչյուրը իր հաշվին գրանցեց չորս հաղթանակ, մեկ պարտություն և դարձավ բրոնզե մեդալակիր: Հաճելի է և այն, որ երկուսն էլ երկուական անգամ իպոնով գնահատված մաքուր հաղթանակ տարան մրցակիցների նկատմամբ և ժամանակից շուտ ավարտեցին գոտեմարտը: Ի դեպ, երկուսն էլ մարզվում են իրենց հայրիկների ՝ Կարեն Աղասյանի և Վահե Թորոսյանի ղեկավարությամբ:
Արժե նշել , որ մեդալակիրները նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակակիրներ են: Այնուամենայնիվ , երևանցի մարզիչ Վահե Թորոսյանը դեռևս մտահոգ է: Երեկ, երբ որդու հաջողության առթիվ նրան շնորհավորեցինք, ասաց, որ դեռ անհանգիստ է, որովհետև հուլիսի 28 –ին տատամի կելնի իր մյուս անձնական սանը՝ Գոռ Կարապետյանը / 81 կգ/: Ընդգծեց, որ Գոռը հուսալի մարզիկ է, Եվրոպայի այս տարվա պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր , բացի այդ, հաջողությանը նպաստում է նաև մեր պատվիրակության համախմբվածությունը: Իսկ մտահոգության պատճառը մեր բոլոր մարզիկների մրցափորձի պակասն է . . .