ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

12:17 - 20 Հուն, 2024

Օլիմպիզմի հայր  բարոն Պիեռ դե Կուբերտենի մոմե արձանը գրանցում է ստացել  Գրևինի հայտնի թանգարանում: Արվեստի այդ գործը ստեղծել է քանդակագործ Կլաուս Ուելտը ։

Լուսանկարից արված քանդակը պատկերում է Կուբերտենին՝ 31 տարեկանում:

Միջոցառմանը ներկա են  եղել պաշտոնատար անձինք, նրանց թվում ՝ Կուբերտենի ծոռնուհին:

Ներկաները իրենց խոսքում կարևորել են  հատկապես այն հանգամանքը, որ  Փարիզը  պատրաստվում է ընդունել ամառային 33 –րդ  օլիմպիական խաղերը:

Կուբերտենը  իր ժամանակի արիստոկրատն էր ,  հեռատես էր, ով հիմք դրեց ժամանակակից օլիմպիական խաղերին՝ դրանք կապելով այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են հարգանքը հակառակորդի հանդեպ, հավատարմությունն ու համընդհանրությունը:  

Պիեռ դը Կուբերտենն իր ժամանակից  առաջ էր անցել ՝  սպորտը դիտելով որպես սոցիալական առաջընթացի և խաղաղության միջոց: Այն ժամանակ, երբ սպորտը, ըստ էության, վերապահված էր վերնախավին, իսկ նա գործեց սպորտային իրադարձությունների ժողովրդավարացման օգտին:

Գրևինի  թանգարանը ստեղծվել է 1882թ.՝ Փարիզի մեծ բուլվարներում: Այնտեղ  ներկայացված են հանրահայտ մարդկանց ավելի քան 450 մոմե արձաններ և  հանդիսանում է մշակույթի ու ժամանցի վայր: Տարեկան ավելի քան 900,000 այցելու ունի մշակութային այդ օջախը:  

Հպարտությամբ նշենք, որ այդ թանգարանում իր պատվավոր տեղն ունի նաև հայ ժողովրդի արժանի զավակ, մեծն Շառլ Ազնավուրի մոմե քանդակը:

Այլ նորություններ